Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում մայիսի 15-ին մեկնարկեց Արմավիր քաղաքի «Մանուշակ» մանկապարտեզում 3-ամյա երեխային պատանդ վերցնելու եւ նախկին կնոջն ու տատիկին մարմնական վնասվածքներ հասցնելու գործով դատաքննությունը:
Մինչեւ դատաքննության սկսելը գործով ամբաստանյալ Արգամ Հովիկյանը հայտարարեց, որ իրեն մասնակի է մեղավոր ճանաչում, ընդունում է միայն ապօրինի կերպով սառը զենք կրելու մեղադրանքը: Այնուհետեւ մեղադրող Արամ Դոլինյանը հրապարակել է մեղադրանքի եզրափակիչ մասը, որից հետո սկսվել է վկաների հարցաքննության փուլը: Առաջինը հարցաքննվեց վկա Նիկոլայ Չիլինգարյանը: 16-ամյա տղան պատմեց, որ դեպքի օրը գնացել էր եղբորը տուն տանելու, երբ տեսել է՝ ինչպես է մի տղամարդ բռնություն կիրառում մանկապարտեզի դայակ Լիլիթ Հովհաննիսյանի նկատմամբ:
«Տեսա, որ մի կնոջ մազերից բռնել ա, մոտը դանակ կար, սպառնում էր: Էդքանն եմ տեսել, ես երեխուն վերցրել եմ ու գնացել տուն»,- պատմեց անչափահաս վկան:
Դատարանում հարցաքննվեց նաեւ տուժող Լիլիթ Հովհաննիսյանը: Նա պատմեց, որ դեպքի օրը նախկին ամուսինը եկել էր մանկապարտեզ՝ իր հետ առանձին խոսելու, սակայն, ինքը հրաժարվել է, որից հետո էլ տեղի է ունեցել այդ դեպքը. «Որ ես հրաժարվեցի, ավելի ագրեսիվ ձեւով մոտեցավ ինձ, մազերիցս բռնեց ու ուզում էր դուրս տանել ինձ: Աստիճանների մոտ ճաղավանդակ կար, ես բռնվել էի, որ ինձ դուրս չտանի, ինքն էլ դանակը պահել էր պարանոցիս: Ասում էր՝ եթե իմը չես լինելու, ոչ մեկին էլ չես լինելու, հորդ էլ չես լինելու: Հետո տատիկս եկավ, փորձեց ինձ օգնել, խնդրում էր Արգամին, որ բաց թողնի ինձ, բայց Արգամը չէր լսում, ասում էր՝ հեռու գնա, թե չէ կխփեմ: Երբ տատիկս մոտ էր գալիս, որ օգներ, Արգամը դանակով ծակծկում էր ինձ՝ կրծքավանդակս, ձեռքս... որ մի անգամ էլ մոտեցավ տատիկս, որ ինձ օգներ, դանակով հարվածեց պարանոցին, տատս հետ քաշվեց, ինչի շնորհիվ հարվածը լրիվ ուժով չկպավ»:
Լիլիթ Հովհաննիսյանը նշեց, որ Արգամ Հովիկյանին փորձել են համոզել նաեւ մանկապարտեզի մյուս աշխատակիցները, սակայն, ապարդյուն. տղամարդը բաց է թողել նախկին կնոջը միայն եղբոր գալուց հետո: Ինչ վերաբերում է 3-ամյա երեխային պատանդ վերցնելուն, վկան նշեց, որ ինքն այդ մասին ավելի ուշ է իմացել, երբ իր հանգստացնող էին ներարկում. «Երբ ես մտել եմ ներս, երեխան իր մոտ էր, դանակը երեխու վրա պահած: Մենակ Արգամն էր խոսում, ես հայհոյանք էի լսում միայն, ես չեմ խոսել: 2 ժամ համոզել ենք, որ երեխային բաց թողնի»:
Դատավոր Վահե Խալաթյանի հարցին, թե երեխան ինչպես է ազատվել, Լիլիթ Հովհաննիսյանը պատասխանեց. «Ես ասացի՝ գամ, քո կողքը նստեմ, երեխուն բաց թող, Արգամն էլ համաձայնվեց: Երբ ես մոտենում էի իրեն, իրավապահները ինչ-որ բան պայթեցրին, որ Արգամի ուշադրությունը շեղվի, ու ինձ էլ, երեխոն էլ քաշեցին, հանեցին դուրս: Դրանից հետո չգիտեմ՝ ներսում ինչ ա եղել»: Լիլիթ Հովհաննիսյանի կարծիքով, նախկին ամուսինն այդ քայլին գնացել է իր հետ հաշտվելու համար:
Դատական նիստը հետաձգվեց եւ նշանակվեց հունիսի 11-ին: Նշենք, որ դատարանը թույլ տվեց լուսանկարել միայն դատարանի կազմին, քանի որ բոլոր կողմերը դեմ արտահայտվեցին տեսա եւ լուսանկարահանմանը:
Ըստ մեղադրանքի՝ Արգամ Հովիկյանը, 2017թ. հոկտեմբերի 30-ին ապօրինի կերպով կրելով սառը զենք հանդիսացող որսորդական դանակ, իր նախկին կնոջ հետ անձնական հարաբերությունները պարզելու նպատակով գնացել է նրա աշխատանքի վայր՝ Արմավիր քաղաքի «Մանուշակ» մանկապարտեզ: Տղամարդը մտել է երեխաների համար նախատեսված ննջասենյակ եւ ցանկություն հայտնել առանձնազրույց ունենալ նախկին կնոջ հետ: Վերջինս սակայն հրաժարվել է, ինչից հետո Հովիկյանը բաճկոնի տակից հանել է դանակն ու դիտավորությամբ հարվածներ հասցրել կնոջը: Արգամ Հովիկյանը փորձել է սպանել նաեւ նախկին կնոջ տատիկին, որը «Մանուշակ» մանկապարտեզի տնօրենն է: Այնուհետեւ Հովիկյանը մանկապարտեզի ննջասենյակում պատանդ է վերցրել նույն մանկապարտեզի 3-ամյա սանին եւ դանակի սպառնալիքով պահել՝ վերջինիս ազատելու համար իրավապահ մարմինների աշխատակիցներին պահանջ ներկայացնելով հանդիպում կազմակերպել կնոջ հետ: Իրավապահներին հաջողվել է մի քանի ժամ անց վնասազերծել տղամարդուն:
Արգամ Հովիկյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով (սպանության փորձ), 218-րդ հոդվածի 2-րդ մասի 3-4-րդ կետերով (ակնհայտ անչափահասին պատանդ վերցնելը՝ զենք կամ որպես զենք օգտագործվող առարկաներ գործադրելով), 113-րդ հոդվածի 1-ին մասով (դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելը) եւ 235-րդ հոդվածի 4-րդ մասով (ապօրինի կերպով սառը զենք կրելը):
.jpg)




























