ԱՄՆ-ում չկատարած սպանության համար 18 տարի կալանավորված սեւամորթին բանտից ազատ են արձակել: The Independent-ը, հաղորդում է, որ նախկին բանտարկյալը նախ մտադիր է գրկել իր մորը:
Դեյվիդ Ռոբինսոնը դատապարտվել էր Շեյլա Բոքսի սպանության մեղադրանքով: Կինը Սայքստոն քաղաքի բարերից մեկի համասեփականատերն էր: Չնայած քիչ քանակությամբ փաստերին՝ դատարանը որոշեց, որ տղամարդը բարի մոտ կրակել է կնոջը՝ օրվա եկամուտը գողանալու նպատակով: Քանի որ տղամարդը նախկինում թմրանյութերի իրավախախտումներ էր կատարել, համարել են, որ այս անգամ էլ նա արգելված նյութերի վաճառքի համար հանցագորոծության է դիմել, հաղորդում է Lenta-ն:
4 տարի անց գործում նոր անձ է հայտնվել: Ռոմանզե Մոսբի անունով տղամարդը խոստովանել է, որ ինքն է սպանել կնոջը: Մոսբին նշել է, որ Բոքսին թմրանյութեր է վաճառել եւ կնոջ մոտ ատրճանակ նկատելով խուճապի է մատնվել: 2009-ին Մոսբին ինքնասպան է եղել:
Այդ ժամանակվանից դատարանի որոշումը բողոքարկելու բազմաթիվ փորձերը մերժվում էին եւ Ռոբինսոնը ճաղերի հետեւում էր մնում: Սակայն 2017-ի փետրվարին դատավորը որոշեց, որ սպանությանը տղամարդու մասնակցության վերաբերյալ փաստեր չկան: Տղամարդը լրագրողներին հայտնել է, որ այս տարիներին իր կյանքը մղձավանջի էր նման:





























