ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարեւոր գործերով քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված անհետաձգելի քննչական եւ օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում բացահայտվել է Գեղարքունիքի մարզում տեղի ունեցած 26-ամյա երիտասարդի սպանությունը. երկու անձ կալանավորվել է, եւս մեկի նկատմամբ՝ հայտարարվել հետախուզում:
26-ամյա երիտասարդի դին հայտնաբերվել է 2018թ. մայիսի 31-ին Սեւանի թերակղզուց դեպի Սեւանի կառավարական ամառանոց ավտոճանապարհին կայանված «Վազ 21074» մակնիշի ավտոմեքենայի հետեւի նստատեղին՝ գլխի շրջանում ջնջխված վերքերով:
Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, որով նախաքննությունն իրականացվում է ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում:
Ձեռնարկված մեծածավալ քննչական եւ օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում պարզվել են 26-ամյա երիտասարդի սպանության դեպքի մի շարք հանգամանքներ, ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը:
Մասնավորապես՝ նախնական քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ 26-ամյա երիտասարդը Գյումրիի բնակիչ է, որտեղ իր «Վազ 21074» մակնիշի ավտոմեքենայով իրականացրել է ուղեւորափոխադրման ծառայություններ։ Տուժողն իր ավտոմեքենայով ծառայություններ է մատուցել մայիսի 29-ին Գյումրի մեկնած երեք օտարերկրացիներին՝ ազգությամբ վրացի ամուսիններին եւ նրանց ընկերոջը։ Դեպքի օրը եւս վերջիններիս պատվերով տուժողը նրանց փոխադրել է Սեւան: Ըստ քրեական գործի տվյալների՝ ճանապարհին ուղեւորներն ալկոհոլ են օգտագործել։ Հասնելով Սեւանի թերակղզու տարածքում գտնվող Սեւանի կառավարական ամառանոց տանող ավտոճանապարհ՝ տուժողը կայանել է մեքենան, որից հետո ուղեւորների եւ նրա միջեւ առաջացել է վիճաբանություն, որի ժամանակ էլ քարերով բազմաթիվ հարվածներ են հասցրել 26-ամյա վարորդի գլխին՝ պատճառելով կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ:
Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ ամուսիններին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով եւ նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Եվս մեկ անձ ներգրավվել է որպես մեղադրյալ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով եւ նրա նկատմամբ հայտարարվել հետախուզում:
Հանձնարարություններ են տրվել ոստիկանության համապատասխան բաժնին՝ ակտիվ միջոցառումներ ձեռնարկել վերջինիս հայտնաբերելու եւ վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ:
Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի հանգամանքների օբյեկտիվ, լրիվ եւ բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ:





























