Ավստրիական ավտոդիլերները վերածրագրավորել են գերմանական Volkswagen կոնցեռնի շուրջ ծագած դիզելային սկանդալում ներգրավված ավտոմեքենաների 90 տոկոսը։ Այս մասին հայտնել են Ավստրիայի տրանսպորտի, նորարարության եւ տեխնոլոգիաների նախարարությունում՝ մեկնաբանելով 2015 թվականին մեկնարկած ընկերության տրանսպորտային միջոցների պարտադիր տեխնիկական զննության ծրագրի իրականացումը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Ավստրիայում վերազինվել է մեքենաների գրեթե 90 տոկոսը, դրանք հիմա համապատասխանում են սահմանված նորմերին»,-հայտնել է տրանսպորտի նախարար Նորբերտ Հոֆերը։
Նախարարության տվյալներով՝ Ավստրիայում շարժիչների վերազինման գործընթացի միջով են անցել, ընդհանուր առմամբ, Volkswagen մակնիշի 341 հազար 916 ավտոմեքենա։ Տեխզննություն պետք է անցնեն եւս 41 հազար 386 մեքենա։
Իշխանությունները նշում են, որ 2018 թվականի սեպտեմբերից նոր ավտոմեքենաների համար կգործեն նոր նորմեր թունավոր գազերի արտանետումների մակարդակը չափելիս, որը թույլ կտա խուսափել ավտոարտադրողների կողմից ցանկացած մանիպուլյացիա։





























