Գինիների արտադրությամբ զբաղվող «Գրեյթ Վելլի» ընկերությունը 2010 թվականի դեկտեմբեր ամսվա տվյալներով մարել է իր բոլոր պարտքերը, իսկ նոր պարտքերի մասին տեղեկություններ հայտնի չեն։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ընկերության մամուլի պատասխանատու Ալեքսանդր Մելքումյանը՝ անդրադառնալով մամուլի այն հրապարակումներին, ըստ որոնց ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր, «Գրեյթ Վելլի» ընկերության սեփականատեր Տիգրան Արզաքանցյանը շուրջ 450 միլիոն դրամ է պարտք Արմավիրի եւ Արագածոտնի մարզի այն քաղաքացիներին, որոնցից խաղող է ձեռք բերել, սակայն չի վճարել։
Մելքումյանը միաժամանակ նշեց, որ իր տեղեկությունները վերջնական չեն, եւ գուցե ինչ որ պարտքեր դեռ մնացել են չմարված, որոնց մասին կարող է հայտնել միայն անձամբ Տիգրան Արզաքանցյանը։
«Սակայն նա հանրապետությունում չէ, եւ երկար ժամանակ է, հնարավոր չի եղել նրա հետ կապ հաստատել։ Եթե իմանայի, թե քարտեզի ո՞ր հատվածում է այժմ Արզաքանցյանը, կկապվեի նրա հետ եւ տեղեկություն կհաղորդեի։ Սա շատ նուրբ հարց է եւ քանի որ ինքս ֆինանսական խնդիրներով չեմ զբաղվում, ձեռնպահ կմնամ ասել, թե ինչ պարտքերի մասին է խոսքը»,-կես կատակ ասաց Մելքումյանը:
Ըստ մամուլի տեղեկությունների՝«Գրեյթ Վելլին» քաղաքացիների հետ, որոնցից խաղող է մթերել, ունի համապատասխան պայմանագրեր, որոնց ժամկետները դեռեւս չեն լրացել։ «Պարտքերը, եթե իհարկե այդպիսիք կան, կարծում եմ, կմարվեն սահմանված ժամկետներում»,-հայտարարեց գինու արտադրությամբ զբաղվող ընկերության մամուլի պատասխանատուն։
Նշենք, որ Տիգրան Արզաքանցյանը Արտաշատի գինիների եւ Աշտարակի գինիների գործարանների սեփականատերն է, եւ ըստ տեղեկությունների՝ գինու գործարաններ է հինմադրելՓարիզում, Մարսելում, Լիոնում եւ Սոչիում։




























