Audi ընկերությունը Կոպենհագենում տեղի ունեցած հատուկ միջոցառման ժամանակ ներկայացրել է e-tron էլեկտրական քրոսովերի ինտերիերը: Նորույթի առանձնահատկությունն են դարձել 5 դիսփլեյները, Bang & Olufsen ծավալուն ձայնի համակարգը՝ 16 դինամիկներով եւ 7 վատտ հզորությամբ ուժեղացուցիչով, ինչպես նաեւ «վիրտուալ» հայելիները, փոխանցում է Motor-ը:
Ամենագնացի առջեւի պանելի ճարտարապետությունն իրականացված է մակնիշի վերջին մոդելների՝ A6, A7, A8 եւ ֆլագմանային Q8, ոճով: Դա մի քանի օթյակ է, որոնցում տեղադրվել են «վիրտուալ» սարքերի պանելը, տեղակատվական-զվարճալիքների համակարգի կենտրոնական դիսփլեյը եւ կլիմայական սարքավորման կառավարման սենսորային էկրանը:
Դռների վրա, ապակիներից մի փոքր ցած, գտնվում են եւս երկու 7-դյույմանի դիսփլեյներ՝ օրգանական լուսադիոդներով: Դրանց վրա հեռարձակվում է խցիկների նկարահանած պատկերը, որոնք կողմնային հայելիների դեր են կատարում: Ընդամենը նախատեսված է տեղեկատվության արտացոլման 3 ռեժիմ՝ մայրուղի, շրջադարձ եւ կայանում:
Audi e-tron-ը կունենա 2 էլեկտրաշարժիչ՝ 360 ձիաուժ ընդհանուր հզորությամբ: Կառավարող էլեկտրոնիկայի աշխատանքի սպորտային ռեժիմում այն կարող է հասնել մինչեւ 408 ձիաուժի: Մեկ լիցքավորմամբ 95 կիլովատտ/ժամ տարողությամբ մարտկոցի շնորհիվ e-tron-ը կարող է անցնել մինչեւ 400 կմ:.
Էլեկտրական ամենագնացը մինչեւ «հարյուրակ» արագությունը զարգացնում է ոչ պակաս քան 6 վայրկյանում: Առավելագույն արագությունը կազմում է մոտ 200 կմ/ժ:
Audi e-tron-ի հրապարակային դեբյուտը տեղի կունենա սեպտեմբերին: Ամենագնացը վաճառքի կհանվի հաջորդ տարի: նորույթը կարժենա նվազագույնը 80 հազար եվրո:































