«Սասնա ծռերի» 2 անդամների՝ Վարդան Գերավետյանի եւ Թորոս Թորոսյանի խափանման միջոցը փոխելու միջնորդություն ներկայացվեց  դատարանում: Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր՝ հուլիսի 13-ին, պաշտպաններն իրենց միջնորդեցին ամբաստանյալներին ազատ արձակել՝ կիրառելով այլընտրաքային խափանման միջոց կամ գրավ:

Մեղադրող կողմը չառարկեց ներկայացված միջնորդության դեմ։ Միջնորդություն ներկայացվեց նաեւ դատաբժշկական փորձաքննություն նշանակել ամբաստանյալ Մարտիրոս Հակոբյանի վերաբերյալ։

Այս միջնորդությանը նույնպես մեղադրող կողմը չառարկեց:

Ամբաստանյալ Թաթուլ Թամրազյանն էլ  հայտարարեց,  որ հրաժարվում է իր պաշտպաններից եւ ցանկանում է, որ իր շահերի պաշտպանությամբ զբաղվի փաստաբան Մոնիկա Նազարյանը։

Նախագահող դատավոր Արշակ Վարդանյանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու:

Հիշեցնենք նաև, որ դատավոր Արշակ Վարդանյանի վարույթում է գտնվում Արամ Մանուկյանի, Հովհաննես Հարությունյանի, Թաթուլ Թամրազյանի, Արամ Հակոբյանի, Տիգրան Մանուկյանի, Արայիկ Հակոբյանի, Վարդան Գերավետյանի, Մարտիրոս Հակոբյանի, Սերգեյ Կյուրեղյանի, Գևորգ Իրիցյանի, Թորոս Թորոսյանի առանձնացված մասով գործը: