Հարավ-աֆրիկյան հանրապետության նախկին առաջնորդ Նելսոն Մանդելան դուրս է գրվել Յոհանեսբուրգի հիվանդանոցից, ուր երկու օր շարունակ գտնվում էր շնչուղիների հիվանդության պատճառով։

Բժիշկների խոսքով, 92-ամյա Մանդելայի առողջական վիճակն այժմ  բավարար է, բուժումն արդյունավետ է եղել։ Նա կշարունակի մնալ բժիշկների հսկողության տակ, սակայն արդեն տնային պայմաններում, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը։

ՀԱՀ առաջին սեւամորթ նախագահը ապարտեիդի գոյության ժամանակ մարդու իրավունքների պայքարի ամենահայտնի ակտիվիստներից մեկն է եղել, ով դրա համար նստել է բանտում։ 1993 թվականի Նոբելյան մրցանակակիրը 2004-ին հրաժարվել էր հասարակական կյանքին ակտիվ մասնակցությունից եւ հազվադեպ է հայտնվում հանրության մեջ։ Հոսպիտալացման պահից ի վեր նա աջակցության եւ առողջացման ցանկություններով ավելի քան 10 հազար նամակներ է ստացել ամբողջ աշխարհից։