ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին եւ օրվա իշխանությունների այլ ներկայացուցիչների՝ սահմանադրական կարգը տապալելու մեղադրանք ներկայացնելը խիստ մտահոգիչ է եւ կարող է մեկնաբանվել որպես քաղաքական հալածանք։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը:
Հայտարարությունում ասվում է.
«Երկրում ընթացող վերջին իրադարձությունների կապակցությամբ հայտնում ենք, որ օրինականության հաստատման, օրենքի առջեւ բոլորի հավասարության, անպատժելիության մթնոլորտի վերացման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը ողջունելի են։
Խիստ կարեւոր է, որ բոլոր գործընթացները տեղի ունենան իրավական հարթության վրա՝ օրենքի տառին ու ոգուն համապատասխան եւ որեւէ հիմք չտան տարատեսակ մեկնաբանությունների եւ քաղաքական շահարկումների համար։
Երկրի առջեւ ծառացած ներքին ու արտաքին բազմաթիվ մարտահրավերները արդյունավետ հաղթահարելու կարեւորագույն գրավականն ամուր պետությունն է, ազգային միասնականությունը եւ ներհասարակական համերաշխությունը։
Արցախի եւ Հայաստանի շուրջ առկա ռազմաքաղաքական լարվածությունը թելադրում են պետական բոլոր հաստատությունների եւ, առաջին հերթին, Հայոց բանակի հանդեպ հավատը խաթարող որեւէ դրսեւորման բացառում։
Համոզված ենք, որ իշխանությունները պետք է իրականացնեն ժողովրդին համախմբողի գործառույթ եւ որեւէ հարցի հետապնդման ձեւ չպետք է վտանգի այդ համախմբվածությունը։
Այս համատեքստում ենք դիտարկում նաեւ 2008 թ. մարտի 1-ի եւ նորանկախ պետականության նախընթաց ժամանակահատվածի այլ ողբերգական իրադարձությունների առարկայական, անաչառ ու համակողմանի քննությունը։
Այս առումով մարտի 1-ի դեպքերի կապակցությամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին եւ օրվա իշխանությունների այլ ներկայացուցիչների՝ սահմանադրական կարգը տապալելու մեղադրանք ներկայացնելը խիստ մտահոգիչ է եւ կարող է մեկնաբանվել որպես քաղաքական հալածանք»:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հուլիսի 26-ին ՀՔԾ-ում «Մարտի 1»-ի գործով Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը: Նրան կալանավորելու միջնորդությունը ներկայացվել է դատարան: Նմանատիպ մեղադրանք է առաջադրվել նաեւ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին եւ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանը: Վերջինս այս պահին Հայաստանում չէ, նրա նկատմամբ հետախուզում է հայտարարվել:




























