Դա քաղաքական գնահատական է, ես եթե նայում եմ ընդհանուր պատկերին, տեսնում եմ, որ ինչ-որ մի նման տենդենց կարող է նշմարվել: Այս մասին, այսօր՝ հուլիսի 27-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀԿ անդամ, Արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը՝ անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայտարարությանը, թե իր նկատմամբ քրեական հետապնդում սկսելով փորձում են իրեն չեզոքացնել ապագա քաղաքական գործընթացներից:

«Խոսքը վերաբերում է ոչ միայն Քոչարյանին, այլեւ մեր ռազմական գործիչներին, որոնք երկար տարիներ, հստակ ու աներկբա դիրքորոշում են ունեցել մեր եւ ադրբեջանցիների հարաբերությունների հարցում: Ինչ-որ մի տենդենց ես տեսնում եմ, որ կարծես թե հենց այդ մարդկանց է առաջին հերթին մեղադրանք առաջադրվում: Որոշ մտահոգություններ այդ առումով ունեմ»,-հայտարարեց Դավիթ Հարությունյանը:

Ինչ վերաբերում է տեղի ունեցածի վերաբերյալ քաղաքական գնահատականին, Դավիթ Հարությունյանը նշեց, որ ՀՀԿ-ն հանդես կգա հայտարարությամբ. «Բնականաբար, յուրաքանչյուր կուսակցություն այդ հարցին չի կարող չանդրադառնալ»,-ասաց նա:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հուլիսի 26-ին ՀՔԾ-ում «Մարտի 1»-ի գործով Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը: Նրան կալանավորելու միջնորդությունը ներկայացվել է դատարան: Նմանատիպ մեղադրանք է առաջադրվել նաեւ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին եւ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանը: Վերջինս այս պահին Հայաստանում չէ, նրա նկատմամբ հետախուզում է հայտարարվել: Այս պահին դատարանում քննվում է Ռոբերտ Քոչարյանի կալանավորման հարցը:

Նշենք, որ Ռոբերտ Քոչարյանը նախօրեին հանդես է եկել ծավալուն հարցազրույցով, որտեղ իր նկատմամբ քրեական գործը համարել է շինծու եւ քաղաքական վենդետա: