ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման միջնորդության հարցով դատարանի որոշումը կհրապարակվի այսօր՝ հուլիսի 27-ին ժամը 23։30–ին։ Այդ մասին հայտնելէ գործով դատախազ Արա Մնացականյանը:
Նշենք, որ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու միջնորդության քննությունը մեկնարկել է առավոտյան ժամը 11-ին եւ տեւել շուրջ 8 ժամ:
Քննիչն ու դատախազը միջնորդությունը դատարան էին ներկայացրել նախօրեին երեկոյան, սակայն, Ռոբերտ Քոչարյանը պատշաճ ձեւով չէր ծանուցվել, եւ այդ հիմքով նիստը հետաձգվել էր մինչեւ այսօր ժամը 11:00-ն:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հուլիսի 26-ին ՀՔԾ-ում «Մարտի 1»-ի գործով Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը: Նրան կալանավորելու միջնորդությունը ներկայացվել է դատարան: Նմանատիպ մեղադրանք է առաջադրվել նաեւ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին եւ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանը: Վերջինս այս պահին Հայաստանում չէ, նրա նկատմամբ հետախուզում է հայտարարվել: Այս պահին դատարանում քննվում է Ռոբերտ Քոչարյանի կալանավորման հարցը:
Նշենք, որ Ռոբերտ Քոչարյանը նախօրեին հանդես է եկել ծավալուն հարցազրույցով, որտեղ իր նկատմամբ քրեական գործը համարել է շինծու եւ քաղաքական վենդետա:





























