Իրականությանը չեն համապատասխանում մեկնաբանությունները, որ եթե ՀՀ նախագահը վերազանցել է իր լիազորությունները, ապա այդ դեպքում արարքը չի բխում իր լիազորություններից եւ հետեւաբար անձեռնմխելիությունը այդ դեպքում չի գործում: Այս մասին այսօր՝ հուլիսի 28-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանը:
«Դա այդպես չի: Եթե անձը չի կատարել հանցագործություն, անձեռնմխելիության մասին խոսելու կարիք չկա ընդհանրապես: Իմունիտետը տալիս են նրա համար, որ եթե անգամ նրա արարքներում լինի հանցակազմ, նա չենթարկվի պատասխանատվության: Միջազգային իրավունքում գործում է կանոն, թե տվյալ անձը տվյալ գործողությունը կատարելիս գործել է որպես նախագա՞հ, թե՞ որպես քաղաքացի Ռոբերտ Քոչարյան:
Եթե նա որպես նախագահ հրամանագիր է ստորագրել, կազմակերպել է հանդիպումներ, ինքն այդ դեպքում գործել է որպես նախագահ: Եթե ես փորձեմ վաղը կանչել հրմանատարական անձնակազմին եւ հրամայեմ ինչ-որ բան անել, տեսնեմ կանե՞ն, թե չեն անի: Այսինքն ակնհայտորեն դա իր լիազորություններից է բխում՝ անկախ նրանից խախտումներ կան, թե չկան: Իսկ եթե նույն մարդը երեկոյան սրճարանում մեկի հետ վիճի, մարդ ծեծի, ակնհայտորեն դա չճի բխում իր որպես նախագահ կարգավիճակից»,-հայտարարեց պաշտպանը:
Նա նշեց, որ անձեռնմխելիությունը վերաբերում է հետապնդմանը, որի մեջ մտնում է գործ հարուցելը, խափանման միջոց կիրառելը եւ այլն:
Նշենք, որ Սահմանադրությունը սահմանում է, որ ՀՀ նախագահն իր կարգավիճակից բխող գործողությունների համար չի կարող ենթարկվել պատասխանատվության:




























