Եթե Սահմանադրությունն ասում է, որ զորքերը կարող են օգտագործվել ռազմական դրության ժամանակ, դա չի նշանակում, որ այլ օրենք լինել չի կարող: Այս մասին այսօր՝ հուլիսի 28-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանը:
«Ասում են, որ զորքի օգտագործումը նշանակում է ռազմական դրություն: Նման տեքստ որեւէ տեղ չկա Սահմանադրության մեջ: Ըստ Սահմանադրության՝ արտաքին հարձակման ժամանակ մտցվում է ռազմական դրություն, որոշում է ընդունվում զորքի օգտագործման մասին, բայց չի ասվում, որ սա միակ դեպքն է: Չկա Սահմանադրության մեջ մի հոդված, որտեղ ասվում է, որ ԶՈՒ-ն կարող է օգտագործվել միայն ռազմական դրության ժամանակ»,- ասաց նա:
Իր հերթին Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանն ասաց, որ Ռոբերտ Քոչարյանը հանձնարարել է բանակը հետ պահել քաղաքական գործընթացներից, բայց ներքաշվում էր, որովհետեւ պաշտպանության փոխնախարարներին կանչում էին հրապարակ. «Հանձնարարվել է բանակը հետ պահել եւ ՊՆ-ում դա արվել է, որից հետո Ռոբերտ Քոչարյանին տեղյակ է պահվել, որ անցել են զորանոցային վիճակի»,- ասաց Սողոմոնյանը:
Փաստաբան Արամ Օրբելյանն էլ հավելեց, որ նախագահը խնդիր է դրել ՊՆ-ն զերծ պահել քաղաքական գործընթացներից, որն իրականացվել է ՊՆ-ի աշխատակազմի միջոցներով, «չեն եկել ասել, որ այս թուղթն ենք ուզում ստորագրել, եկել, ասել են, որ զորանոցային ռեժիմ եմ մտցնում»:
Փաստաբաններից Սարգիս Գրիգորյանն էլ հիշեցրեց, որ Հայաստանում նախքան 2008 թվականը երկու անգամ արդեն արտակարգ դրություն մտցվել է՝ 1993ին եւ 1996-ին:





























