Հայաստանի ՀՔԾ ղեկավարը շփոթում է Քրեադատավարական օրենսգրքի դրույթները: Այս մասին օգոստոսի 4-ին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը՝ մեկնաբանելով Սասուն Խաչատրյանի պնդումները, թե Քոչարյանը կալանավորվել է քննությանը չխոչընդոտելու համար:
Փաստաբանի խոսքով՝ օրենքի դրույթի տրամաբանությունն այն է, թե կա արդյոք մեղադրյալի գործողություններում համապատասխան միտում, այլ ոչ թե այն, թե նա արդյոք սկզբունքորեն նման հնարավորություններ ունի: «Նման միտմանը վերաբերող որեւէ փաստ չկա, ինքը ՀՔԾ ղեկավարն էլ այդ մասին չի խոսել: Սա մերկրապարանոց մեղադրանք է»,- հայտարարեց Ալումյանը:
Փաստաբան Ռուբեն Սահակյանը հիշեցրեց, որ ՄԻԵԴ-ն տասնյակ որոշումներ է կայացրել նախկինում հայկական դատարանների ընդունած նմանատիպ դատավճիռների վերաբերյալ, ինչը երկրին մեծ վնաս է հասցրել:
Ամփոփելով ասվածը՝ փաստաբան Արամ Օրբելյանը նշեց, որ մեղադրանքը հիմնազուրկ է, իսկ Ռոբերտ Քոչարյանը պետք է արդարացվի: «Ակնհայտ են էմոցիոնալ ճնշման փորձերը: Սա դատապարտման է արժանի, քանի որ մեր ընդհանուր նպատակն է բացահայտել մարտի 1-ի մեղավորներին, այլ ոչ թե հասարակության մեջ թշնամության եւ լարվածության սերմանումը: Ներկայիս ծավալով գործը պետք է հնարվորինս արագ փակվի»,- եզրափակեց փաստաբանը:




























