Հայաստանի Սահմանադրական դատարանի նախկին դատավոր (մինչեւ 2014 թվականը) Վալերի Պողոսյանը չի հաստատել այն տեղեկությունները, թե ինքն իբր քննչական մարմնին ցուցմունքներ է տվել նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Արմեն Գեւորգյանի կողմից իր վրա ճնշում գործադրելու մասին:
«Ես նման բան չեմ ասել: Ես նրանց որոշ փաստեր եմ հայտնել, որոնք նրանք ներկայացրել են որպես ճնշում: Դա նրանց մեկնաբանությունն է»,- «Ազատություն» ռադիոկայանին ասել է Վալերի Պողոսյանը՝ հրաժարվելով հայտնել փաստերը, որոնց մասին խոսք է գնում: Նրա խոսքով՝ դրան իր եղբոր մասնակցության մասին հայտարարությունը նույնպես քննչական մարմնի եզրակացությունն է:
Վալերի Պողոսյանը հայտնել է, որ ընտրությունների արդյունքներով գործի ՍԴ նիստին ինքը չի մասնակցել հիվանդության պատճառով: Պողոսյանը հաստատել է, որ իրեն հարցաքննել են որպես վկա: Հստակեցմանը, թե քննությունն ինչ եզրահանգումներ է կատարել, դատավորը նշել է, որ եզրահանգումները կախված են նրանից, թե ով է դրանք անում, իսկ ճնշման մասին կարելի էր խոսել, եթե Գեւորգյանն իրեն ներկայանար ատրճանակով: Ինչ վերաբերում է նրան՝ եղբայրն արդյոք իրեն ասել է, թե ինչ են ցանկանում նախագահի աշխատակազմում, դատավորը նշել է, որ դա քննության գաղտնիք է: «Իսկ քննությունը մտածե՞լ է իմ անվտանգության մասին, երբ հրապարակել է իմ ազգանունը: Կամ՝ ես նրանց համար միջոց եմ, այլ ո՞չ մարդ»,- նյարդայնացել է դատավորը:
Հիշեցնենք, որ արդարադատության իրականացմանը խոչընդոտելու դեպքի առիթով ն ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 332-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որը միացվել է 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործին: Նույն օրը հիշյալ գործի շրջանակում Արմեն Գևորգյանին ՀՀ քրեական օրենսգրքի 332-րդ հոդվածի 3-րդ մասով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, 2006 թվականի փետրվարից մինչև 2008 թվականի ապրիլի 21-ը զբաղեցնելով ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, արդարադատության իրականացմանը խոչընդոտելու նպատակով միջամտել է դատարանի գործունեությանը:
Մասնավորապես, 2008 թվականի փետրվարի 28-ից մարտի 8-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ սահմանադրական դատարանում ՀՀ նախագահի թեկնածուներ Տիգրան Կարապետյանի և Լևոն Տեր-Պետրոսյանի դիմումների հիման վրա քննության է առնվել ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2008 թվականի փետրվարի 24-ի՝ «Հանրապետության Նախագահ ընտրվելու մասին» թիվ 24-Ա որոշումը վիճարկելու վերաբերյալ գործը: Նպատակ ունենալով խոչընդոտել տվյալ գործով սահմանադրական արդարադատության իրականացմանը՝ Արմեն Գևորգյանը, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, 2008 թվականի մարտի սկզբներին, մինչև ՀՀ սահմանադրական դատարանի կողմից տվյալ գործով որոշում կայացնելը, ՀՀ սահմանադրական դատարանի դատավորի մոտ է ուղարկել ՀՀ նախագահի վերահսկողական ծառայությունում աշխատող վերջինիս եղբորը, ում կարգադրել է փոխանցել, որ անհրաժեշտ է կայացնել ընտրությունների արդյունքներն անփոփոխ թողնելու մասին որոշում: Որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:
ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը նաեւ «բացահայտել է տեղեկատվության աղբյուրը»: «Ըստ Wikileaks պորտալի՝ Սահմանադրական դատարանի դատավոր Վալերի Պողոսյանի վրա ճնշում է գործադրվել: Նա գանգատվել է, որ իր վրա ճնշում են գործադրել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աշխատակազմից, որպեսզի ինքը որոշում ընդունի Սերժ Սարգսյանի օգտին: Այս հրապարակումը հաստատում է ստացել»,- հայտարարել էր ՀՔԾ ղեկավարը:





























