«Սասնա ծռերի» անդամ Էդվարդ Գրիգորյանն այսօր՝ օգոստոսի 8-ին, հրաժարվեց ցուցմունք տալ Պավլիկ Մանուկյանի՝ իր հետ կապված հայտարարության վերաբերյալ:

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում նա հայտարարեց, որ օգտվում է դատավարական իր իրավունքից եւ չի ցանկանում ցուցմունք տալ:

Նրա պաշտպան Մուշեղ Շուշանյանն էլ հայտնեց, որ այս պահին իրենք որեւէ դիրքորոշում չեն ցանկանում հայտնել:

Մխիթար Ավետիսյանը, ի տարբերություն Գրիգորյանի, հայտարարեց, որ Պավլիկ Մանուկյանի հայտարարությունն իրականությանը չի համապատասխանում: Նա նաեւ հայտնեց, որ չգիտի, թե ով է բացել բանկոմատը:

Դատավոր Մեսրոպ Մակյանը հայտարարեց, որ Պավլիկ Մանուկյանի, Էդվարդ Գրիգորյանի եւ Մխիթար Ավետիսյանի ցուցմունք տալը համարում է ավարտված:

Հիշեցնենք, որ Պավլիկ Մանուկյանն ավելի վաղ հայտարարել էր, որ Արմեն Բիլյանի փոխարեն պատահական կրակոցի հեղինակը Էդվարդ Գրիգորյանն, իսկ բանկոմատը բացել է Մխիթար Ավետիսյանը: Այսօր դատարանում նա եւս մեկ անգամ պնդեց իր այդ հայտարարությունը: 

 Նշենք, որ Մեսրոպ Մակյանի վարույթում քննվում են ամբաստանյալներ Պավել Մանուկյանի, Վարուժան Ավետիսյանի, Արայիկ Խանդոյանի, Արեգ Կյուրեղյանի, Գագիկ Եղիազարյանի, Մխիթար Ավետիսյանի, Էդվարդ Ներսիսյանի, Սեդրակ Նազարյանի, Սմբատ Բարսեղյանի, Արմեն Բիլյանի վերաբերյալ գործը: