Սաուդյան հացահատիկային կազմակերպությունը (Saudi Grains Organization, SAGO) հայտարարել է Կանադայից հացահատիկի գնումների դադարեցման մասին՝ Էր Ռիյադի եւ Օտտավայի միջեդիվանագիտական ճգնաժամի ֆոնին: Համապատասխան հրամանը պետական կոռպորացիան տեղադրել է իր թվիթերյան պաշտոնական էջին:
«Կազմակերպությունը բոլոր լիցենզավորված հացահատիկային մատակարարներին տեղեկացրել է, որ նրանք պետք է դադարեցնեն Կանադայում աճեցված ցորենի եւ գարու մատակարարումները»,- նշվում է հայտարարության մեջ:
Արաբական ԶԼՄ-ների տվյալներով՝ 2017 թվականին թագավորություն ներկրված կանադական ցորենի ծավալը կազմել է 66 տոննա, իսկ գարունը՝ 132 տոննա:
Կանադայի ԱԳ նախարար Քրիթիա Ֆրիլանդը հինգշաբթի հայտարարել էր, որ «չափազանց անհանգստացած» է Սաուդյան Արաբիայում իրավապաշտպան Սամար Բադաուիի՝ բլոգեր Ռաիֆ Բադաուիի քրոջ կալանավորմամբ, եւ կոչ էր արել երկուսին էլ ազատել:
«Սաուդյան Արաբիայի լիբերալ համացանց» կայքի հիմնադիր Ռաիֆ Բադաուին կալանավորվել էր 2012 թվականին թագավորության հոգեւորականությանը եւ կրոնական ոստիկանությանը քննադատելու համար: Նրան մեղադրում են նաեւ իսլամը վիրավորելու, կիբեռհանցագործությունների եւ հորը չենթարկվելու համար, ինչը Սաուդյան Արաբիայում համարվում է հանցագործություն: Բադաուին կրում է 10-ամյա բանտարկության պատիժ:
Կանադացի դիվանագետների հայտարարություններից հետո Սաուդյան Արաբիայի ԱԳՆ-ն Օտավայում իր դեսպանին հետ էր կանչել, ինչպես նաեւ Էր Ռիյադում Կանադայի դեսպանին անցանկալի անձ էր հայտարարել՝ նրան 24 ժամ տալով երկրից հեռանալու համար:
Դրանից բացի, Սաուդյան Արաբիան հայտարարել էր Կանադայի հետ բոլոր նոր առեւտրային ու ֆինանսական գործարքները սառեցնելու մասին, կասեցրել էր համատեղ կրթական ծրագրերը եւ սաուդցի ուսանողներին Կանադա ուղարկելը:





























