Կհորդորեմ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական կողմին, որ վարույթն իրականացնող մարմնին մեղադրանքներ չհնչեցնեն, թիվ 0038 հրամանը գաղտնազերծելու իրավունքը պատկանում է Պաշտպանության նախարարությանը։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 9-ին, Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը՝ մեկնաբանելով Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական կողմի մեղադրանքը, որ 0038 հրամանը մաս–մաս հրապարակելով՝ նախաքննական մարմինն իրենց համար ցանկալի արդյունքի է հասնում։

«Պաշտպանության նախարարությունն է որոշել, թե ինչ չափով կարող է գաղտնազերծվել այդ հրամանը, ուստի կհորդորեմ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական կողմին, որ վարույթն իրականացնող մարմնին մեղադրանքները, որ մենք չենք ուզում հրապարակել, այլեւս չշահարկեն»,– նշեց Սասուն Խաչատրյանը։

Նա հավելեց, որ մաս–մաս հրապարակելու խնդիր չկա. «Ես չգիտեմ՝ ինչ նկատի ունեն, երբ ասում են մաս–մաս հրապարակելու մասին»։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ քրգործով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին եւ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նրանք այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել են Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը:

Միքայել Հարությունյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել, Յուրի Խաչատուրովը 5 մլն գրավի դիմաց ազատ է արձակվել, իսկ Ռոբերտ Քոչարյանը դատարանի որոշմամբ կալանավորվել է:

Կասկած կա, որ թիվ 0038 հրամանից բացի, այլ փաստաթղթեր եւս կան. ՀՔԾ պետ