ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախկին խորհրդական Օմարոսա Մանիգոլթ-Նյումանը հայտարարել է, որ գաղտնի ձայնագրել է Սպիտակ տանը վարած խոսակցությունները, ներառյալ աշխատակազմի ղեկավար Ջոն Քելիի հետ իր ազատման մասին զրույցը իրավիճակային սենյակում, որտեղ անվտանգության ուժեղացված միջոցառումներ են կիրառում: Այս չափազանց արտառոց խոստովանությունը անմիջապես հարուցել է նախագահի դաշնակիցների քննադատությունը, փոխանցում է «Ամերիկայի ձայնը»:

Քելիի հետ զրույցի հատվածները ներկայացվել են NBC-ի «Հանդիպում մամուլի հետ» ծրագրի եթերում, որին նա մասնակցել է իր նոր՝ «Օղակից պոկված» գրքի հրապարակման հետ կապված, որը կսկսի վաճառվել օրերս:

Գրքում նա Դոնալդ Թրամփին մռայլ բնութագրականով է ներկայացնում: Մանիգոլթ-Նյումանը մասնակցել է Թրամփի The Apprentice ռեալիթի շոուին եւ պնդում է, իհարկե՝ առանց որեւէ ապացույցի, որ կան այդ շոուի ձայնագրությունները, որոնցում Թրամփն արտաբերում է «նեգր» բառը:

Ըստ որում՝ նա գրում է, որ անձամբ այդ ձայնագրությունները չի լսել: Սակայն հաղորդավար Չաք Թոդին հավաստիացրել է, որ գրքի վրա աշխատանքն ավարտելուց հետե լսել է Թարմփի ձայնագրությունը Լոս Անջելես կատարած ուղեւորության ժամանակ:

«Սթափ դատող ոչ մեկը տեղին չի համարի Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարին իրավիճակային սենյակում ձայնագրելը»,- «Թվիթերում» գրել է Հանրապետական կուսակցության Ազգային կոմիտեի նախագահ Ռոնա Մակդենիելը: Արգելված է իրավիճակային սենյակ տանել բջջային հեռախոսներ եւ այլ ձայնագրող սարքեր:

Ձայնագրության մեջ, որը վերարտադրվել է եթերում, եւ որը Մանիգոլթ-Նյումանը մեջբերել է իր գրքում, լսվում է, թե ինչպես է Քելին ասում, որ նա կարող է Սպիտակ տանն անցկացրած ժամանակը համարել որպես «երկրին ծառայելու» տարի, եւ հիշեցնում է «ապագա պոտենցիալ դժվարությունների» մասին՝ կապված իր «հեղինակության» հետ: Մանիգոլթ-Նյումանն ասել է, որ դա որպես «սպառնալիք» է գնահատել եւ պաշտպանել է այդ եւ Սպիտակ տան այլ խոսակցությունները ձայնագրելու իր որոշման իրավացիությունը՝ դա պաշտպանվելու ձեւ համարելով: «Եթե ես այդ ձայնագրությունները չունենայի, Ամերիկայում ոչ ոք ինձ չէր հավատա»,- ասել է նա:

Սպիտակ տունն առայժմ չի արձագանքել խոսակցության ձայնագրությանը, սակայն փորձել է գիրքն անվանարկել: Սպիտակ տան մամուլի քարտուղար Սառա Սանդերսը հայտարարել է, որ գիրքը «լեցուն է ստով եւ կեղծ մեղադրանքներով», իսկ Թրամփը շաբաթ Մանիգոլթ-Նյումանին «անպիտան» է անվանել:

Մանիգոլթ-Նյումանը երկար տարիներ ԱՄՆ նախագահի համոզված հետեւորդներից էր: Աֆրոամերիկացի լինելով, որը Սպիտակ տանը բարձր պաշտոն է զբաղեցնում, նա հերքել է այն պնդումները, որ նախագահը ռասիստ է: Հիմա նա հայտարարում է, որ Թրամփն իրեն մի քանի տարի շարունակ «օգտագործել» է, եւ նրան «խարդախ» է անվանում, որը «քողարկվում է մարդու դիմակի տակ՝ պատրաստ աշխատելու մարդկանց ամենատարբեր խմբերի հետ», չնայած «իսկական ռասիստ» է:

Շառլոթսվիլում սպիտակ ռասայի գերազանցության գաղափարի կողմնակիցների ակցիայի տարեդարձին Մանիգոլթ-Նյումանը հայտարարել է, որ Թրամփը ռասայական հարցն օգտագործում է «ընտրազանգվածին գրգռելու» համար, եւ որ նա ընդունակ չէ երկիրը միավորել, քանի որ «ամեն օր իրեն երկրից բարձր է դասում»: