ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախկին իրավաբան Մայքլ Քոենը հերքում է, որ երկրի ղեկավարը հանդիպումներից մեկից հետո ծամել եւ կուլ է տվել ինչ-որ կարեւոր փաստաթուղթ, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Այն բոլոր տասնյակ լրագրողներին, որոնք ինձ են զանգահարել Օմարոսայի նոր գրքում այն պնդման կապակցությամբ, թե Թրամփը վերցրել է իմ գրառումը, դրել բերանը եւ կերել…Ես երբեք նման բան չեմ տեսել, ես ուղղակի ցնցված եմ, որ որեւէ մեկը կարող էր դա լուրջ ընդունել»,- նշել է նա Twitter-ում:
Այն մասին, որ Թրամփը փաստաթուղթը ծամել եւ կուլ է տվել, նախկինում հայտարարել էր Սպիտակ տան հասարակական կազմակերպությունների եւ բնակչության հետ կապերի հարցերով հաղորդակցության վարչության նախկին տնօրեն Օմարոսա Մանիգոլթ-Նյումանը:
Նրա խոսքով՝ պետության ղեկավարը Սպիտակ տան Օվալաձեւ աշխատասենյակում Քոենի հետ հանդիպումից հետո բերանն է խցկել ինչ-որ փաստաթուղթ: «Ես տեսել եմ, թե ինչպես է նա բերանը խցկել գրառումը: Հաշվի առնելով, որ Թրամփը մշտապես եղել է բավականին զզվող մարդ, ես զարմացած էի տեսնելով՝ թուղթն ինչպես էր ծամում ու կուլ տալիս: Հավանաբար, խոսքը շատ ու շատ մեծ գաղտնիքի մասին էր»,- The Washington Post-ը հատված է մեջբերել Նյումանի գրքից:





























