Մարտի 1-ի զոհերի հարազատներին փոխհատուցում կտրվի: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Ելք» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանը՝ նշելով, որ դրա վերաբերյալ օրենսդրական փաթեթ է մշակվում:
«Այս տարվա փետրվարին ԱԺ-ում տեղի ունեցած «2008 թվականի Մարտի 1, 2-ի իրադարձությունների մասին» հանրային լսումների ժամանակ դեռ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը պարտավորվեց մշակել օրենսդրական փաթեթ, որով արժանապատիվ հատուցում կտրվի Մարտի 1, 2-ի իրադարձությունների զոհերի հարազատներին: Նիկոլ Փաշինյանը չհասցրեց դա անել:
Այսօր ԱԺ պատգամավոր Ալեն Սիմոնյանը և ես շրջանառության մեջ դրեցինք «2008 թվականի մարտի 1, 2-ին Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ անձանց կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը: Հատուցման գումարների չափը, ժամկետը, վճարման կարգն ու պայմանները կորոշի կառավարությունը:
Նախագծի նպատակն է վերականգնել արդարությունը, պետական ինստիտուտների հանդեպ վստահությունը և հաստատել հանրային համերաշխություն»,-գրել է նա::





























