2018 թվականի առաջին կեսին Եվրոպայում էլեկտրամոբիլների թիվը գերազանցել է 1 միլիոնը, իսկ տարեվերջին եվրոպական մայրցամաքի ավտոճանապարհներին 1.35 միլիոն այդպիսի ավտոմեքենա կհայտնվի: Այս մասին նշվում է EV-Volumes շվեդական վերլուծական ընկերության ուսումնասիրության մեջ, փոխանցում է Deutsche Welle-ն:
Էլեկտրամոբիլների վաճառքը, ըստ այդ տվյալների, 2018 թվականի առաջին կեսին անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 42 տոկոսով եւ հասել 195 հազարի: Սակայն էլեկտրամոբիլները Եվրոպայում մեքենաների վաճառքի միայն 2 տոկոսն են կազմում:
Էլեկտրամոբիլների վաճառքի առաջատարներն են Նորվեգիան, Գերմանիան, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան եւ Շվեդիան: Ընդ որում, ակնկալվում է, որ տարեվերջին Գերմանիան առաջ կանցնի Նորվեգիայից: Փորձագետները կանխատեսում են, որ Նորվեգիայում 84 հազար ավտոմեքենա կվաճառվի, իսկ Գերմանիայում՝ 88.5 հազար:
EV-Volumes-ն իր ուսումնասիրության մեջ հաշվի է առնում ինչպես ամբողջությամբ էլեկտրամոբիլները, այնպես էլ՝ հիբրիդները:





























