«Արմենիա» հեռուստաընկերության երեկոյան եթերում արդեն մի քանի օր շարունակ Սիրուշոյի մասին փաստավավերագրական բազմասերիանոց ֆիլմ է ցուցադրվում: Թերթը զանգահարել եւ ֆիլմի շուրջ զրուցել է երգարվեստում արդեն իրենց կայուն տեղն ունեցող մի շարք երաժիշտների ու երգիչների հետ:

Շուշան Պետրոսյանը այսպես է  արձագանքել. «Ես միշտ ծիծաղում եմ, երբ ամերիկյան շոու բիզնեսի մեջ մեկ-երկու հիթ ունեցող երգիչներն արդեն գիրք են գրում իրենց կյանքի մասին: Դա ընդամենը ծիծաղելի է: Ես սարսափելի օբյեկտիվ մարդ եմ եւ չեմ կարող հարցին տարբեր կողմերից չմոտենալ, երբ Ֆաինա Ռանեվսկայայի գիրքն եմ կարդում, ես դա հասկանում եմ՝ հսկայական անցած ճանապարհ: Ինչ ճանապարհ է անցել նա, միայն «Եվրատեսի՞լը», եթե էդ է ֆիլմի հիմքում, ապա ես երբեք այդ մրցույթին լուրջ չեմ վերաբերել: Շատ սիրում եմ նրա «Շերամ» ալբոմը, շատ ճաշակով ալբոմ է, ուրախ եմ, որ այդ քայլն արեց, բայց դա ֆիլմի հետ կապ չունի: Եթե ես ունենայի Սիրուշոյի նման շնորհքով երեխա, ես թույլ չէի տա նրան այդ քայլն անել, մինչեւ վաստակեր այդ իրավունքը»: