Մեր պատճառով է, որ 2 ամիս գյուղացին մնացել է առանց ջրի: Այս մասին, այսօր՝ օգոստոսի 28-ին, ԱԺ-ում «Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» օրինագծի քննարկման ժամանակ նշել է ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ հավելելով, որ դեռ մայիս–հունիսին են զգուշացրել կառավարությանը, որ օրենքը անխուսափելի է եւ պետք է բերվի ԱԺ։
ՀՀԿ խմբակցության ղեկավարը նկատեց, որ ուշացմանը հարգանքով են վերաբերվում, քանի որ կառավարությունը նոր էր, կարող է՝ իրավիճակին լավ չէր տիրապետում։
«Ամիսներ առաջ, երբ վարչապետ էինք ընտրում, երբ որ հաստատում էինք ծրագիր, այս ամբիոնից ես մի քանի մտահոգություններ հայտնեցի, որ երբ նոր կառավարությունը կզգա կառավարման ծանրությունը, նա կգիտակցի, որ շատ դեպքերում հանիրավի քննադատության է ենթարկել նախորդ կառավարությանն ու անդամներին»,-ասաց նա՝ հավելելով, որ իրենց հասցեին ժամանակին ընդդիմադիրների որակումները 2 կերպ կարող է բնորոշել՝ կամ իրավիճակին չէին տիրապետում, կամ քաղաքական մանիպուլյացիա էր։
«Իհարկե, մենք այդ որակումները չենք տա, որ սա արվում է օլիգարխների համար, պոմիդոր ջրելու համար, այդ պատճառով դեմ ենք քննարկելու. սա մեջբերումներ են իմ ընդդիմադիր գործընկերների ելույթներից։ Մենք մեր ընդդիմադիր կեցվածքը բարձր չենք գնահատում, քան պետական մտածողությունը. այսօր, իրոք, գյուղացուն անհրաժեշտ է ջուր»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը։
Նա առաջարկեց 2 ամիս ուշացումը փոխհատուցելու համար կամ զիջել այդ ամիսների վարձերը, կամ էլ լրացուցիչ ջուր բաց թողնված ջրից ստացված էներգետիկ շահույթների հաշվին սուբսիդավորեն, քանի որ մեր պատճառով է, որ գյուղացին երկու ամիս մնացել է առանց ջրի:
Այդուհանդեձ, Վահրամ Բաղդասարյանը հայտարարեց, որ կողմ են քվեարկելու նախագծին՝ հաշվի առնելով, որ գյուղացուն չի կարելի թողնել առանց ջրի:





























