ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր՝ օգոստոսի 30-ին, ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու ՀՀ օրենքը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ այս օրնքով նախատեսվում է 2018 թվականին Սեւանա լճից լրացուցիչ 40 մլն խմ ջրառ իրականացնել: Նշենք, որ սահմանված թույլատրելի սահմանը տարեկան 170 մլն խմ է, այս տարի այդ ցուցանիշը կհասնի մինչեւ 210 մլն խմ-ի:

Հատկանշական է, որ 2017 թվականին Սեւանա լճից լրացուցիցիչ մինչեւ 100 մլն խմ ջրառ է իրականացվել: Այս խնդրի կապակցությամբ կառավարության նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ եթե կա ջրի մաֆիա, ապա այն պետք է բացահյայտել եւ հասնել նրան, որ Սեւանից ջուր վերցնելու անհրաժեշտություն չլինի: