Գերմանական BMW ավտոարտադրողը պետք է մոտ 10 մլն եվրո տուգանք վճարի՝ կապված որոշ ավտոմեքենաների վրա արտանետվող գազերի մաքրման վերահսկման համակարգի անթույլատրելի սարքերի ոչ դիտավորությամբ տեղադրման հետ, հայտնում է Süddeutsche Zeitung-ը:

Պարբերականի տեղեկություններում՝ խոսքը BMW 750xd եւ M550xd մոդելների 7,6 հազար ավտոմեքենաների մասին է: Մյունխենի դատախազության կարծիքով՝ այսպիսի տուգանքը համարժեք է տվյալ իրավիճակին, քանի որ BMW-ն կանխամտածված չի մանուպալացրել իր արտադրանքի ծրագրային ապահովմամբ եւ գնորդներին չի խաբել: Դատախազությունը գումարի չափը բարձրաձայնել է օգոստոսի սկզբին կոնցեռնի փաստաբաններից մեկի հետ զրույցում, սակայն այս մասին հայտնի է դարձել միայն հիմա: Այս պահին անհայտ է՝ ավտոարտադրողը դատախազության հետ գործարքի կգնա՞, թե՞ ոչ:

Ընթացիկ տարվա փետրվարին BMW-ն սեփական նախաձեռնությամբ հսկող մարմիններին տեղեկացրել էր 7,6 հազար մեքենաների միջադեպի մասին: Մյունխենի դատախազությունը քննություն էր սկսել, սակայն մինչեւ հիմա ծրագրային ապահովմամբ դիտավորյալ մանիպուլյացիայի ոչ մի ապացույց չի հայտնմաբերվել եւ ոչ մի մեղադրանք առաջադրված չէ:

Անցած տարիները նշանավորվել են դիզելային մեքենաների շուրջ բացահայտումներով: Ի սկզբանե դիզելային սկանդալի կենտրոնում էր հայտնվել Volkswagen-ը:

Եվրամիությունում սեպտեմբերից մտցվում են ավտոմեքենաների վառելիքի ծախսի եւ վնասակար գազերի արտանետումների մակարդակի ստուգման նոր ստանդարտներ՝ RDE (Real Driving Emissions) եւ WLTP (Worldwide harmonized Light vehicles Test Procedure): Նոր կանոնակարգի շրջանակում լաբորատոր պայմաններում կվերարտադրվեն ոչ միայն ճանապարհային տարբեր իրավիճակները եւ արագությունների ռեժիմը, այլեւ կթեստավորվեն ավտոմեքենաների տարբեր հավաքակազմերը եւ քաշային բնութագրերը: Նոր ստուգումներն ավելի օբյեկտիվ կարտացոլեն վառելիքի ծախսի եւ վտանգավոր գազերի արտանետումների մակարդակի ցուցանիշները, ինչը թույլ կտա վերացնել փորձարկումների այն թերությունները, որոնք մի քանի տարի առաջ հանգեցրել էին դիզելային սկանդալին: