Արքայադուստր Լաուրենտինը՝ Նիդերլանդների Թագավորի եղբոր կինը, խոսել է ի պաշտպանություն տեղահանված հայ կնոջ երեխաներին՝ 13-ամյա Հովիկին եւ 12-ամյա Լիլիին, հայտնում է Dutch News-ը:
Արքայադուստրը կոչ է արել թույլ տալ երեխաներին մնալ երկրում եւ հայտարարել է, որ երեխաները արժանի են կայունության: «Չեմ կարող եւ չեմ ուզում դատել իրավիճակի մասին, սակայն ես իսկապես կարեկցում եմ նրան, ինչ տեղի է ունենում այս երեխաների հետ»,- հայտարարել է նա NPO Radio 5-ին տված հարցազրույցում:
Հիշեցնենք, որ Նիդերլանդներից արտաքսված հայ կնոջ երկու երեխաները՝ 13-ամյա Հովիկը եւ 12-ամյա Լիլին, կրկին թաքնվում են իշխանություններից:
Ավելի վաղ դատարանը որոշում էր կայացրել, որ արդարադատության նախարարությունը չի կարող բնակության թույլտվություն տրամադրել Հովիկին եւ Լիլիին, որոնց մայրը երկրից արտաքսվել էր անցյալ տարվա օգոստոս ամսին:




























