«Սեւ ագռավ» պատմվածքի հեղինակ Վասիլ Շկլյարն ուկրաինացի լրագրողների հետ հարցազրույցում նշել է, որ Հայաստանում ապրած իր տարիները կյանքի վառ էջերից են: Այս մասին հայտնում է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթը:
Շկլյարը սովորել է Երեւանի պետական համալսարանում եւ տիրապետում է հայերենին:
«Ես Երեւանում հայտնվեցի ուսանողների փոխանակման ծրագրով: Թեեւ ես հայկական արմատներ չունեմ, արտաքնապես հնարավոր է կան կովկասցու որոշակի գծեր:
Հայաստանը իմ կյանքի վառ էջերից է: Լեզուն սովորել եմ օրիգինալ ձեւով: Ոչ թե համալսարանում, այլ գիշերները թղթախաղ խաղալիս: Այն շատ ակտիվ լեզու է եւ եթե ինչ-որ բան չհասկանաս, ապա կարող ես պարտվել: Ես Երեւան գալուց երկու ամիս հետո արդեն խոսում էի հայերեն: Ասում են, որ Վալերի Բրյուսովը եւս հայերեն սովորել է երկու ամսվա ընթացքում: Չգիտեմ ինչպես է դա նրան հաջողվել, եթե թղթախաղով չի զբաղվել»,- ասել է նա:




























