Այս գործողությունները պետք է հիմնավորի քննչական մարմինը, եւ եթե պաշտպանական կողմը համաձայն չէ դրա հետ, ապա պետք է բողոքարկի այն: Այս մասին սեպտեմբերի 5-ին Հայաստանի Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ՀՀԿ անդամ, ԱԺ պետաիրավական հարցերի եւ մարդու իրավունքների հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Գեւորգ Կոստանյանը` պատասխանելով հարցին՝ արդյո՞ք Հատուկ քննչական ծառայությունն իրավունք ունի իր մոտ պահել  ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի անձնագիրը:

Հարցին՝ արդյո՞ք երկրորդ նախագահի դեմ ներկայացված մեղադրանքը քաղաքական դրդապատճառ ունի եւ քաղաքական հետապնդում է Քոչարյանի նկատմամբ, Կոստանյանը նշեց, որ նա հիմնականում չի խոսում այս կամ այն քրեական գործի վերաբերյալ որեւէ մեղադրանքի մասին:

«Քաղաքական հետապնդման չափանիշները սահմանված են բազմաթիվ միջազգային պայմանագրերով: Ես չեմ ուզում դա քննարկել»,- եզրափակեց նախկին գլխավոր դատախազը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել էր, որ ներկայիս իշխանությունների կողմից քաղաքական հետապնդման է ենթարկվում: