Բանակը ոչ միայն մասնակցել է Մարտի 1-ի իրադարձություններին, այլեւ կրակել է մարդկանց, բնակարանների ուղղությամբ: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 11-ին, հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը:

«Մենք ունենք կոնկրետ ապացույցներ, որ ՀՀ ԶՈՒ զինծառայողները ավտոմատ հրազենից կրակ են բացել Լեոյի փողոցի շենքերի պատշգամբների ուղղությամբ, այն բանից հետո, երբ պատշգամբներից վառվող շիշ է նետվել: Այսինքն, բանակն ամբողջ ծավալով մասնակցել է այս գործողություններին: Երկրորդ, ես ուզում եմ բացահայտում անել, որը չէի ուզում անել, բայց այսօր առիթ է եւ հասարակությունը պետք է իմանա, թե ինչ է տեղի ունեցել: 0038 գաղտնի հրամանից հետո, երբ որոշվել է Երեւանում հավաքել տարբեր զորամիավորումներից զինծառողների, սահմաններում կանգնած զինվորը հերթապահել է առանց հեթափոխի եւ ստեղծվել են շատ վտանգավոր իրավիճակներ, եւ եղել է դիվերսիա: Սա եւս ապացուցված է գործի նյութերով: Այսինքն սա ազդել է բանակի մարտունակության վրա»,- ասաց Սասուն Խաչատրյանը:

ՀՔԾ պետը հայտարարեց նաեւ, որ գործի նյութերով հիմնավորվել է՝ նախկին պաշտոնյաները բանակի զինվորներին դարձրել են վարձկաններ. «Հիմա բնօրինակ փաստաթղթեր կներկայացնեմ, որ օլիգարխների կողմից փետրվարի 23-ից հետո մինչեւ մարտի 7-8-ն ընկած ժամանակահատվածը բանակի զինվորներին բաժանվել են գումարներ, որ նրանք պաշտպանեն իրենց ունեցվածքը, իրենց քաղաքական նկրտումները»:

Սասուն Խաչատրյանը ցույց տվեց մատյան, որն, ըստ նրա, առգրավվել է ՀՔԾ քննիչի կողմից. «Այստեղ հատ-հատ նշված են այն զինծառայողները եւ գումարների չափերը, որոնք տրվել են այդ զինծառայողներին: Դրանց դիմաց առկա են այդ զինծառայողների, նրանց հրամանատարների ստորագրությունները, այդ գումարները հանվել են օլիգարխների, պետական բարձր պաշտոն զբաղեցրած պաշտոնյաների հաշիվներից: Կոնկրետ անձանց հաշիվները կհրապարակենք հետագայում: Այս պահին ես չգիտեմ՝ ոնց են սրա բացատրությունը տալու  նախկին ղեկավարները, ինչպես են բանակի զինվորներին դարձրել վարձկաններ, եւ հանել ժողովրդի դեմ»: