Համացանցում հայտնված Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի եւ Հատուկ Քննչական Ծառայության ղեկավար Սասուն Խաչատրյանի հեռախոսային խոսակցությունների ձայնագրությունները պետք է ուսումնասիրվեն մասնագետների կողմից, միայն նրանք կկարողանան հասկանալ, թե ով եւ ինչպես է լսել այդ մարդկանց խոսակցությունները: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց Երեւանի ավագանու խորհրդի ընտրություններում «Օրինաց երկիր» կուսակցության ցուցակը  գլխավորող Մհեր Շահգելդյանը:

Նրա խոսքով «Օրինաց երկիր» կուսակցությունը շահագրգռված է, որպեսզի Մարտի 1-ի իրադարձությունների հետաքննությունը շարունակվի: Նա հիշեցրել է, որ իր կուակցությունը Մարտի 1-ի իրադարձությունների հետաքննության հանձնաժողովի ստեղծման նախաձեռնողների թվում էր:

 «Մենք երկար տարիներ նույն բան ենք ասել. մարտի 1-ի իրադարձությունները պետք է բացահայտվեն: Մեր կուակցությունը պաշտոնական հայտարարությամբ է հանդես եկել այն մասին, որ մենք աջակցում ենք մեր իրավապահ մարմիններին՝ ԱԱԾ-ին, ՀՔԾ-ին մարտի 1-ի իրադարձությունների բացահայտման հարցում եւ կոպուպցիայի դեմ պայքարում», - նշեց Շահգելդյանը:

Երեւանի ավագանու խորհրդի արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզարշավի շրջանակներում Ավան-Առինջ շրջանի բնակիչների հետ հանդիպման ժամանակ, Մհեր Շահգելդյանը նաեւ նշեց, որ իր կարծիքով, Հայաստանից դուրս բերված գումարները, պետք է վերադարձվեն, կոռումպացված անձինք պետք է պատասխանատվության ենթարկվեն, իսկ երկիրը պետք է «առողջացվի»:

«Քաղաքացու, հասարակ մարդու համար մեր երկրում պետք է հնարավորություններ լինեն, սա մեր քաղաքական մոտեցումն է», - նկատեց նա:

Հիշեցնենք, որ այսօր համացանցում տարածվել էր Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի եւ Հատուկ Քննչական Ծառայության ղեկավար Սասուն Խաչատրյանի հեռախոսային խոսակցությունների ձայնագրությունները: