ՀՔԾ պետի եւ ԱԱԾ տնօրենի շփումը մշտական աշխատանք է. օպերատիվ եւ քննչական ծառայությունների ղեկավարներն իրար հետ ամենաշատը շփվող մարդիկ են աշխարհի բոլոր երկրներում։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 11-ին «Իմ քայլը» դաշինքի հանրահավաքի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Զրուցել են ՀՔԾ պետը, որը նախաքննության մարմին է, եւ ԱԱԾ տնօրենը, որը ՀՔԾ-ի հարուցած քրեական գործերի օպերատիվ հանձնարարություններ կատարողն է։ Նաեւ կարող է ոստիկանությունը լինել։ Այսինքն՝ մենք ունենք քննչական եւ օպերատիվ մարմիններ, քննչական մարմինը գործ է քննում եւ օպերատիվ մարմնին տալիս է հանձնարարություն, որ ասում է՝ ես ունեմ այսպիսի տեղեկություն, ճշտի քո կանալներով, քո ծառայության միջոցով՝ ինչքանով է էդ տեղեկությունը ճիշտ։ Այնպես որ՝ այն հարցի կապակցությամբ, թե ինչու են ՀՔԾ պետը եւ ԱԱԾ տնօրենը շփվում իրար հետ: Դա մշտական աշխատանք է»,- հավելեց նա:
Նա հիշեցրեց, որ խոսել է որեւէ մեկին ձերբակալելու՝ իր դիրքորոշման մասին. երբ նշանակել է ԱԱԾ տնօրեն եւ առաջադրել ՀՔԾ պետի թեկնածու եւ Քննչական կոմիտեի նախագահի թեկնածու, նրանց ասել է, որ պետք է աշխատեն ամբողջ ծավալով Հայաստանում օրինականություն հաստատելու, կոռուպցիան հաղթահարելու, թալանվածը հետ բերելու, Մարտի 1-ի եւ մյուս հանցագործությունները բացահայտելու ուղղությամբ, եւ խոստացել, որ որեւէ քաղաքական խոչընդոտ չեն ունենա որեւէ մեկին ձերբակալելու, կալանավորելու առիթով: Պահանջել է միայն մի բան, որ քրեական գործերի քննությունները չքաղաքականացվի, հիմնված լինի օրենքի վրա, օրինականության վրա եւ ապացույցների վրա։
«Դրանից հետո եղել են դեպքեր, երբ այս ընդհանուր խոսակցությունից հետո ասվել է, որ այ՝ այսինչ մարդու հետ կապված մենք ունենք այսպիսի, այսպիսի, այսպիսի ապացույցներ, հիմա որ այն ժամանակ ասում էիր, որ կալանավորենք, իսկականից էիր ասում, լուրջ էիր ասում, որ կալանավորենք, թե էն ժամանակ դեռ տաք-տաք էիր, չէիր ջոկում ինչի մասին ես խոսում, եւ ես բոլոր դեպքերում ասել եմ, եթե դուք ունեք հիմք եւ օրպես օբյեկտիվ քննիչ համարում եք, որ որեւէ մեկին պետք է կալանավորել, այո, կալանավորեք»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետը ընդգծեց, որ եթե Հայաստանում քաղաքական եւ հանրային հնչեղության ձերբակալություն է տեղի ունենում, տրամաբանական եւ օրինական է, որ քաղաքական պատասխանատվությունն ինքն է կրում. «Ես ո՛չ Ռոբերտ Քոչարյանն եմ, ո՛չ Սերժ Սարգսյանը, որ գնամ քննիչների թիկունքում եւ ոստիկանների թիկունքում թաքնվեմ, եւ այո՛, ասում եմ, մինչեւ այժմ Հայաստանում տեղի ունեցած քաղաքական, հանրային հնչեղություն ունեցող բոլոր ձերբակալությունների պատասխանատվությունը վերցնում եմ ինձ վրա: Այո՛, ես եմ դրանց քաղաքական պատասխանատուն, որովհետեւ այդ մանդատը դուք եք ինձ տվել»։




























