Համաձայն «ԱԺ կանոնակարգ» օրենքի 2-րդ հոդվածի 23-րդ կետի՝ Քննիչ հանձնաժողով չի կարող ստեղծվել, եթե նախաքննություն է ընթանում։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 13-ին ԱԺ արտահերթ նիստին հայտարարեց ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը՝ արձագանքելով հիմնական զեկուցող, Պետաիրավական եւ մարդու իրավունքների խորհրդարանական մշտական հանձնաժողովի նախագահ, նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանին։

Մարուքյանի խոսքով՝ ԱԱԾ տնօրենի ու ՀՔԾ պետի հեռախոսազրույցի գաղտնալսման փաստով երկու տարբեր հոդվածներով քրեական գործ է հարուցվել․ «Կան հստակ սահմանափակումներ, որոնց մեջ նշված է, որ չի կարող քննիչ հանձնաժողով ստեղծվել, եթե նախաքննությունն է ընթանում: Մամուլի հաղորդագրություններից տեղեկանում ենք, որ քրեական գործ է հարուցվել եւ՛ գաղտնալսման, եւ՛ քրեական վարույթին միջամտելու հանգամանքներով: Դրա համար ԱԺ-ն չի կարող ստեղծել այդպիսի հանձնաժողով»,-նշեց պատգամավորը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ օրեր առաջ համացանցում հրապարակվել էր ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի եւ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցի ձայնագրությունը, որտեղ նրանք անդրադառնում են «Մարտի 1»-ի գործին, այդ գործով որպես մեղադրյալներ անցնող Ռոբերտ Քոչարյանի կալանավորման խնդրին, նաեւ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի եւ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի դեմ հարուցված քրեական գործերին: Ձայնագրության իրական լինելը ընդունել է ինչպես վարչապետ Նիկոլ Փաշինյանը, այնպես էլ զրույցի մասնակիցները: Զրույցի ընթացքում Վանեցյանը զրուցակցին ասում է Քոչարյանին բանտարկելու անհրաժեշտության մասին: Դրանից բացի, զրուցակիցները քննարկում են Խաչատուրովի կալանավորման հարցը: Վանեցյանը նշում է, որ այս դեպքում պետք է զգույշ լինել, քանի որ Մոսկվայի հետ հարաբերությունները փչացնելու հավանականություն կա: ՀՔԾ ղեկավարը հանգստացնում է՝ վստահեցնելով, որ Խաչատուրովի կալանավորման համար բոլոր հիմքերը կան:

ԱԱԾ տնօրենի եւ ՀՔԾ պետի հեռախոսազրույցի ձայնագրության սղագրությունը՝ ամբողջությամբ