Նիդերլանդների ԱԳՆ-ն հետ է կանչում իր դեսպանին Իրանից՝ Զահրա Բահրամիին մահապատժի ենթարկելու փաստի հետ կապված: Բահրամին մեղադրվում էր թմրամիջոցների մաքսանենգության եւ տարածման մեջ:

Ինչպես հաղորդում է BBC-ն, Նիդերլանդների ԱԳՆ ներկայացուցիչը նշել է, որ նախքան Հաագա վերադառնալը, Նիդերլանդների դեսպանը պաշտոնական բողոք կներկայացնի տեղի ունեցածի առնչությամբ:

Իսկ դրանից անմիջապես հետո Նիդերլանդներում Իրանի դեսպանին կկանչեն Հոլանդիայի ԱԳՆ:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Զահրա Բահրամին կախաղան էր բարձրացվել հունվարի 29-ին: Ըստ իրանական լրատվամիջոցների, իրանցի կնոջը բռնել էին 2009-ի դեկտեմբերին, ում մոտ հայտնաբերել էին մեկ կգ թմրանյութ:

Միաժամանակ, այլ տվյալներով, ոստիկանությունը 40-ամյա Բահրամիին ձերբակալել է հակակառավարական հանրահավաքների ժամանակ, երբ վերջինս այցելել է իր բարեկամներին:

Իրանի իշխանությունները մերժել են հոլանդացի դիվանագետներին այցելել բանտարկված Բահրամիին, քանի որ չեն ճանաչում նրա երկքաղաքացիությունը: Ավելի վաղ Իրանի ԱԳՆ ներկայացուցիչը հայտարարել էր, որ Հոլանդիայի կողմից այս գործի առնչությամբ շահագրգռությունը միջամտություն է Իրանի ներքին խնդիրներին եւ ճնշում դատական համակարգի վրա: