Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը պաշտոնապես Ալի Աքբար Սալեհիին նշանակել է երկրի ԱԳ նախարար: Այս մասին տեղեկատվությունը տեղադրված է Իրանի նախագահի պաշտոնական կայքում՝ president.ir:

Սալեհին ծնվել է Իրաքում, բայց ապրել է Իրանում, կրթություն ստացել Բեյրութում եւ ԱՄՆ-ում: Նա տիրապետում է արաբերենին ու անգլերենին:

Իրանում Մուհամադ Խաթամիի նախագահության տարիներին Սալեհին ՄԱԳԱՏԵ-ում Իրանի պաշտոնական դեսպանն էր, իսկ 2009-ից ղեկավարել է Իրանի ատոմային էներգիայի հարցերի կազմակերպությունը:

Սալեհին ԱԳ նախարարի պաշտոնում փոխարինել է Մանուչեհր Մոթաքիին, ով այդ պաշտոնից հեռացվել է 2010-ի դեկտեմբերին: Աշխատանքից ազատման պահին Մոթաքին այցով գտնվում էր այլ երկրում: Նա իր դժգոհությունն ու հիասթափությունն է արտահայտել իշխանությունների այդ քայլի առնչությամբ: