Գերմանիան կընդունի Եգիպտոսի նախագահ Հոսնի Մուբարաքին, եթե նա որոշի բուժման մեկնել գերմանական հիվանդանոցներից մեկը: Այս մասին հայտարարել է Գերմանիայի իշխող կուսակցության՝ Քրիստոնեա-դեմոկրատական միության գլխավոր քարտուղար Ռուպրեխտ Պոլենցը:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Մուբարաքը կարող է բուժման համար Գերմանիա մեկնել եւ այդպիսով հրաժարվել իշխանությունից Եգիպտոսում, որտեղ բազմահազարանոց բողոքի ակցիաներ են ընթանում ընդդեմ իր իշխանության:

Պոլենցը, ով Բունդեստագում գլխավորում է արտաքին քաղաքականության հանձնաժողովը, հայտարարել է, որ Գերմանիան կընդունի Մուբարաքին առնվազն հումանիզմի նկատառումներից ելնելով, հաղորդում է Lenta.ru-ն:

Եգիպտոսի նախագահի հրաժարականի պահանջոց բողոքի ցույցերն սկսվել են հունվարի 25-ից: Նախագահ Մուբարաքն արդեն հայտարարել է, որ համաձայն է «անցում կատարել դեմոկրատիայի» եւ որ ոչ ինքը, ոչ իր որդին չեն մասնակցի հաջորդ նախագահական ընտրություններին:

ՄԱԿ-ի տվյալներով, Եգիպտոսում վերջին 2 շաբաթվա ընթացքում տեղի ունեցած հուզումների ընթացքում մահացել է շուրջ 300 մարդ: Եգիպտոսի նախագահի հակառակորդները պահանջում են նրա անհապաղ հրաժարականը:

Հիշեցնենք, որ նախօրեին Եգիպտոսում իշխող Ազգային-դեմոկրատական կուսակցության գործադիր կոմիտեն հրաժարական է տվել, սակայն Հոսնի Մուբարաքը մնացել է կուսակցության առաջնորդ: