Անկեղծ ասած, ես մեր օտարերկրյա գործընկերների հետ չեմ սիրում քննարկել մեր ներքաղաքական զարգացումները, որոնք այդ զարգացումներից մենք պետք է գոհ կամ դժգոհ լինենք: Այս մասին Փարիզում Ֆրանսիայի հայ համայնքի հետ հանդիպմանն ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա անդրադարձավ նաեւ հայաստանի ներքաղաքական դժվարությունների մասին հարցին՝ նշելով. «Անընդհատ հայտարարություններ են հնչում Հայաստանում ներքաղաքական դժվարությունների մասին. եթե այս դահլիճում որեւէ մեկը կա, ով գիտի, թե ինչի մասին է խոսքը, խնդրում եմ՝ բացատրեք, ես էլ հասկանամ»:
Ինչ վերաբերում է Ֆրանսիայի նախագահ Իմանուել Մակրոնի հետ հանդիպման արդյունքներին, ՀՀ վարչապետն ասաց. «Այսօրվա հանդիպման ամենակարեւոր արձանագրումը եւ արդյունքը հետեւյալն է. կարող ենք համարել, որ առաջիկայում Հայաստանն ավելի լուրջ եւ մեծ միջազգային դերակատարում պետք է ունենա: Թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանի միջազգային հեղինակությունն աճել է ու կարող ենք արձանագրել, որ կարող ենք ավելի ակտիվ դերակատարում ունենալ միջազգային հարաբերություններում»:
Կառավարության ղեկավարը տեղեկացրել է, որ բացի երկկողմ հարաբերություններից` Ֆրանսիայի նախագահի հետ քննարկել են նաեւ միջազգային նշանակության տարբեր հարցեր: Նիկոլ Փաշինյանը հավելել է, որ կիսատ մնացած հարցերը Ֆրանսիայի գործընկերոջ հետ կքննարկի Երեւանում, երբ Էմանուել Մակրոնը պետական այցով կժամանի Հայաստան: «Վստահ եմ, որ նախագահ Մակրոնի հետ մեր շփումները եւ հարաբերությունները գնալով ավելի ինտենսիվ են դառնալու»,- ասել է վարչապետը:
Անդրադառնալով Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթաժողովի անցկացման նախապատրաստական աշխատանքներին` Նիկոլ Փաշինյանը համոզմունք է հայտնել, որ Հայաստանը կկարողանա կազմակերպել այն այնպես, որ կազմակերպությունը գագաթաժողովի արդյունքում ավելի ուժեղանա, ֆրանկոֆոն տարածքում մեր երկրի դերակատարությունն ավելի ընդգծվի. «Շատ կարեւոր է, որ այն իմիջային դրական փոփոխությունը, որ հեղափոխության օրերից ի վեր սկսվել է Հայաստանում, տեմպը չպետք է կորցնենք: Դրական գործընթացները բերում են նրան, որ մեր գործընկերներն իրենք Հայաստանի ավելի ակտիվ դերակատարում են ակնկալում: Սա լավ հնարավորություն է Հայաստանի համար ավելի վստահ ու տեսանելի հանդես գալ միջազգային կյանքում»:




























