Արմեն Ջիգարխանյանը «ստորություն» է որակել Ռուսաստանում աճող ազգայնական տրամադրությունները։
«Ես կարծում եմ, որ դա «բոլշոյ պրոբլեմ» է բազմազգ բնակչություն ունեցող Ռուսաստանի համար։ Դա մեծ խնդիր է։ Կարելի է չսիրել վրացուն եւ տաջիկին, սակայն դա չի կարող սպանության վերաճել։ Դա շատ ստոր բան է»,- հայտարարել է մոսկովյան թատրոնի դերասան, ռեժիսոր եւ ղեկավար Ջիգարխանյանը՝ պատասխանելով BBC-ի ռուսական ծառայության ընթերցողների հարցերին։
«Իսկ դուք զգո՞ւմ եք այստեղ պետության դերը»,- հարցրել է մի հայաստանցի ընթերցող։
«Չեմ կարծում, որ կառավարությունը կարող է նման բաների խառնվել»,- պատասխանել է Ջիգարխանյանը՝ ավելացնելով. «Սակայն դիրքորոշման բացակայությունը մեծ ողբերգություն է»:
«Ամերիկացիները չեն գրում, թե դու ինչ ազգի ներկայացուցիչ ես։ Պարզապես ասում են «ԱՄՆ քաղաքացի» եւ վերջ։ Իսկ այստեղ, կներեք, դու սկզբում հայ ես, եւ հետո միայն ռուսաստանցի։ Միակ բանը, որով մխիթարվում ես, այն է, որ ռուսների մեջ կան մարդիկ, ովքեր գիտեն, գիտակցում են եւ հասկանում»,- ասել է հանրահայտ արտիստը։




























