Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 73-րդ նստաշրջանի շրջանակներում սեպտեմբերի 28-ին, կայացել է Հայաստանի եւ Սլովակիայի արտաքին գործերի նախարարներ Զոհրաբ Մնացականյանի եւ Միրոսլավ Լայչակի հանդիպումը:

ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ նախարար Մնացականյանը շնորհավորեց իր գործընկերոջը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ունեցած արդյունավետ նախագահության կապակցությամբ:

Զրուցակիցները քննարկեցին երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր՝ կարեւորելով փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության հետագա խորացմանն ու ամրապնդմանն ուղղված համատեղ քայլերի ձեռնարկումը:

Նախարարներ Մնացականյանը եւ Լայչակը մտքեր փոխանակեցին Հայաստան - Եվրոպական միություն հարաբերությունների, Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի հիման վրա համագործակցության հետագա խթանման հեռանկարների շուրջ։

Կողմերն անդրադարձան ԵԱՀԿ-ում Սլովակիայի առաջիկա նախագահության առաջնահերթություններին: Զոհրաբ Մնացականյանն իր զրուցակցին ներկայացրեց Հայաստանի դիրքորոշումը եւ մոտեցումները ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ղարաբաղյան հիմնահարցի հանգուցալուծման գործընթացում: