Մակեդոնիայում երկրի վերանվանման հարցով հանրաքվե է անցկացվում, ինչը երկրին թույլ կտա ապագայում Եվրամիությանը եւ ՆԱՏՕ-ին անդամակցության հավակնել, հաղորդում է Ինտերֆաքսը:
Քվեարկության է դրվել հետեւյալ հարցը. «Արդյո՞ք կողմ եք Եվրամիությանն ու ՆԱՏՕ-ին անդամակցությանը՝ ընդունելով Մակեդոնիայի Հանրապետության եւ Հունաստանի Հանրապետության միջեւ համաձայնագիրը»:
Խոսքն Աթենքի եւ Սկոպյեի միջեւ կնքված համաձայնագրի մասին է, որը ենթադրում է Նախկին Հարավսլավական Մակեդոնիա Հանրապետությունը վերանվանել Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետություն:
Երկրի անվան փոփոխության հարցը կապված է Հունաստանի եւ Մակեդոնիայի միջեւ բազմամյա վեճի հետ: Հունական կողմին դուր չի գալիս Մակեդոնիայի Հանրապետություն անվանումը, քանի որ, Աթենքի կարծիքով, այն համահունչ է հունական Մակեդոնիա մարզի անվանը:
Վերջերս անցկացված հարցման համաձայն՝ հանրաքվեին պատրաստվում է մասնակցել բնակչության 57%-ը: Ընդ որում, նրանց 70%-ը մտադիր է կողմ արտահայտվել երկրի վերանվանմանը:
Որպեսզի հանրաքվեի արդյունքներն օրենքի ուժ ստանան, անհրաժեշտ է ավելի քան 50% ընտրողի մասնակցություն, այդ պատճառով երկրի վերանվանման հակառակորդները մտադիր են բոյկոտել քվեարկությունը: Մասնավորապես, բոյկոտի օգտին է արտահայտվել «Միավորված Մակեդոնիա» ընդդիմադիր կուսակցությունը:




























