Հանրապետական պատգամավոր, ԱԺ Տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազանը հերքում է լուրերը, ըստ որոնց ինքն իր բիզնեսը տեղափոխում է Վրաստան:
«Շատ ոգեւորված խոսում են այն մասին, որ Վարդան Այվազյանն իր բիզնեսը տեղափոխում է Վրաստան: Հիմա ես ի՞նչ գիտեմ, եթե այլ Այվազյան Վարդան կա, որը իրա բիզնեսը տեղափոխել ա, կարող ա թերթը դրա մասին ա գրել: Ես հստակ հայտարարում եմ, ես իմ բիզնեսը, ես նախ` բիզնեսով չեմ զբաղվում, ես ԱԺ հանձնաժողովի նախագահ եմ, իմ բիզնեսը, որտեղ ես խորհրդի անդամ եմ, որտեղ ես ունեմ բաժնեմաս, զբաղվում է մետաղական գործիքների արտադրությամբ եւ գտնվում է Հայաստանի Հանրապետությունում` Չարենցավան քաղաքում; Այլ բիզնեսով ես չեմ զբաղվում»,- այսպիսի հայտարարությամբ այսօր` փետրվարի 10-ին մամուլի ասուլիսի ժամանակ հանդես եկավ Վ. Այվազյանը, ըստ էության խոստովանելով, որ ունի բիզնես:
Պատգամավորը նաեւ հավելեց, որ իր տունն այստեղ է, այստեղ էլ շարունակելու է իր բիզնեսը: «Վրաստանն իմ ծննդավայրն է, ուր ես գնում-գալիս եմ, եթե չի կարելի գնալ-գալ հանձնաժողովի նախագահին, ասեք չի կարելի: Այսինքն ես իմ բիզնեսը… իմ հայրենիքը Հայաստանն է, ինչքան էլ ես ինձ լավ զգամ, ես Հայաստանից դուրս ինձ լավ չեմ զգա»,- ասաց նա:
Դիտարկմանը, թե դա չի խանգարում Վրաստանում բիզնես հիմնել կամ տեղափոխել արդեն եղածը ,Այվազյանը պատասխանեց. «Բիզնեսի հիմնական նպատակը շահույթի ստացումն է, մենք էլ ունենք 3 միլիոնանոց շուկա, ցանկացած բիզնեսմեն փնտրելու է նպաստավոր ու հոգեհարազատ տարբերակներ: Հոգեհարազատը հարեւան Վրաստանն է, Ռուսաստանն է, այսինքն մենք ի՞նչ ենք ուզում, որ բիզնեսը չծավալվի՞:
Սակայն ինչ վերաբերվում է ինձ, իմ բիզնեսը ոչ մի տեղ չեմ տեղափոխելու, որովհետեւ հասույթներն այնքան շատ չեն, որ ես կարողանամ ծավալվել:
Եթե հնարավորություն լինի, ես բնականաբար պետք է ծավալեմ բիզնեսը, որովհետեւ ենթակառուցվածքային, ճանապարհային պայմաններն ու լոգիստիկան ավելի նպաստավոր են Վրաստանում, իսկ մենք Վրաստանին լրացուցիչ վճարում ենք 20-30 տոկոս ավելի գումար, որովհետեւ Վրաստանը տարանցիկ ճանապարհ է, իսկ գործարանի արտադրանքի 50-60 տոկոսը սպառվում է երկրից դուրս»:
Հիշեցնենք, որ, ըստ մամուլի հրապարակումների, հետեւելով շատ գործարարների օրինակին` իր բիզնեսը Վրաստան է տեղափոխում նաեւ ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը, ով խնդիրներ ունի իր հարազատ կուսակցության` ՀՀԿ-ի հետ այն բանից հետո, երբ հրապարակայնորեն պաշտպանեց ԲՀԿ նախագահի կարծիքը` Էկոնոմիկայի նախարարի վերաբերյալ:





























