Ֆրանսիացի քննիչներն ուրբաթ օրը խստացրել են իրենց մեղադրանքները «Ազգային միասնություն» կուսակցության ղեկավար Մարին Լե Պենի դեմ եւ այժմ էլ նրան մեղադրում են Եվրախորհրդարանում պաշտոնավարելու ընթացքում «հասարակական միջոցները հափշտակելու մեջ»։ Այս մասին հայտնել է AFP գործակալությունը՝ վկայակոչելով քաղաքական գործչի շրջապատում իր աղբյուրին։
Ըստ լրատվամիջոցի՝ այս հոդվածով պատիժը նախատեսում է 10 տարվա ազատազրկում եւ 1 միլիոն եվրոյի տուգանք։ Ավելի վաղ Մարին Լե Պենին առաջադրվում էր «վստահության չարաշահում» հոդվածով մեղադրանք, որի համար նրան առավելագույնը 3 տարվա ազատազրկում էր սպառնում։
Սակայն նոր մեղադրանքի հիմքում նախկին բողոքներն են՝ ԵԽ-ում Լե Պենի օգնականներին եւ գործընկերներին աշխատանքի տեղավորելը։ Ֆրանսիայի արդարադատությունը կասկածում է, որ այդ ընթացքում Լե Պենի մտերիմները գումար են ստացել ե՛ւ Եվրախորհրդարանից, ե՛ւ կուսակցությունից։
Լե Պենը, ով իրեն մեղադրանք առաջադրելուց ի վեր առաջին անգամ այցելել է ֆինանսական դատախազություն, հրաժարվել է որեւէ հարցի պատասխանել՝ հիմնվելով Վճռաբեկ դատարանում իր հակընդդեմ հայցի վրա, որը պետք է քննվի նոյեմբերի 27-ին՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։




























