Հայ մեծանուն գրող Հրանտ Մաթեւոսյանի 75-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում այսօր` գրողի ծննդյան օրը, Երեւանի նրա բնակարանի առջեւ, բացվել է հուշաքար-աղբյուր:
Հայաստանի կառավարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ միջոցառմանը մասնակցել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Հրանտ Մաթեւոսյանի կրտսեր թոռնուհու հետ վարչապետը բացել է հուշաքար-աղբյուրը, որի հեղինակն է Հայաստանի ճարտարագիտական համալսարանի դասախոս, քանդակագործ Տիգրան Բարսեղյանը: Միջոցառմանը մասնակցում էին Հրանտ Մաթեւոսյանի ընտանիքի անդամները, գրչակից ընկերները, մտավորականներ, մշակույթի գործիչներ: Հուշաքարի բացման ընթացքում ելույթ են ունեցել նաեւ Հրանտ Մաթեւոսյանի անվան դպրոցի սաները:
Հանդիսավոր արարողության ընթացքում խոսքով հանդես են եկել Հայաստանի ճարտարագիտական համալսարանի ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանը, Հայաստանի գրողների միության նախագահ Լեւոն Անանյանը, ով նշել է, որ արդեն 5 տարի է, ինչ ՀՀ կառավարությունը եւ Գրողների միությունը համատեղ սահմանել են «Հրանտ Մաթեւոսյան» մրցանակ:
Այս տարի այն շնորհվել է գրող Ֆելիքս Մելոյանին, ով մեծ վաստակ է ունեցել մեծանուն գրողի ստեղծագործությունների առավել հանրահռչակման գործում: Կառավարության ղեկավարն անձամբ է հանձնել մրցանակը:
Միջոցառումից հետո Տիգրան Սարգսյանը այցելել է Հրանտ Մաթեւոսյանի բնակարան եւ շնորհավորել գրողի հարազատներին:



























