Tesla-ի ղեկավար Իլոն Մասկը հավանություն է տվել Model Y էլեկտրական քրոսովերի վերջնական նախատիպին՝ դրանով իսկ նախագծման փուլից այն արտադրության փուլ տեղափոխելով, հաղորդում է ՏԱՍՍ-ը` հղում կատարելով The Verge պորտալին:
«Մենք էական առաջընթացի ենք հասել Model Y-ում», - պորտալը ներկայացնում է Մասկի խոսքը: Միեւնույն ժամանակ ընկերության ղեկավարը նշում է, որ նոր էլեկտրական մեքենայի լիարժեք զանգվածային արտադրությունը 2020 թվականից շուտ չի սկսվի:
Թեեւ ավելի վաղ Մասկը խոստացել էր հաջորդ տարվա մարտին նոր կանաչ քրոսովեր ցուցադրել:
Tesla-ի ղեկավարը Model Y նախագծի վերաբերյալ ոչ մի մանրամասն չի ներկայացրել, բայց արտադրության օրվա տեղափոխման պատճառն ըստ The Verge-ի, այսօրվա դրությամբ անհրաժեշտ արտադրական հարթակների բացակայությունն է: Ներկայումս Ֆրիմոնտում գործարանը հնարավորինս օգտագործում է իր հնարավորությունները: Ղեկավարությունն անգամ տարվա սկզբին ստիպված էր հիմնական մասնաշենքի մոտ հսկայական վրան խփել, որպեսզի նախատեսված ծավալների հասցնի Model 3-ի արտադրությունը:




























