ԱՄՆ արդարադատության մարմինները քննություն են անցկացնում Tesla ընկերության դեմ: Կասկածում են, որ Tesla-ի ղեկավարությունը ներդրողներին ոչ հավաստի տեղեկություններ է տրամադրել Model 3 էլեկտրամոբիլի նոր մոդելի արտադրության ժամանակացույցի մասին, հայտնում է The Wall Street Journal-ը (WSJ):
Պարբերականի տեղեկություններով՝ վերջին մի քանի շաբաթներին քննությունն ավելի մեծ թափով է ընթանում, ընկերության մի շարք աշխատակիցների հարցաքննության են կանչել Հետաքննությունների դաշնային բյուրո: Tesla-ի պաշտոնական ներկայացուցիչն իր հերթին WSJ-ին հայտնել է, որ ընկերությունը քննիչների հարցերին պատասխանել է դեռեւս մի քանի ամիս առաջ: Այդ ժամանակից ի վեր ՀԴԲ-ն նոր փաստաթղթեր չի պահանջել եւ ոչ ոքի հարցաքննության չի կանչել:
Tesla ընկերությունը խնդիրների է բախվել Model 3 էլեկտրական սեդանի արտադրության հենց սկզբից, որով հույս ունի նվաճել զանգվածային շուկան:
Ղեկավարությունը բազմիցս ստիպված էր հայտնել շաբաթական այս մոդելի 5 հազար մեքենա թողարկելու դրած նպատակը չկատարելու մասին:
Սեպտեմբերի վերջին Tesla-ի ղեկավար Իլոն Մասկը վեճը կարգավորել էր ԱՄՆ արժեթղթերի եւ բորսաների հանձնաժողովի (SEC) հետ: Մասկը SEC-ի հետ պայմանվորվել էր, որ կհեռանա տնօրենների խորհրդի նախագահի պաշտոնից՝ 3 տարի վերընտրվելու իրավունքից զրկվելով: Միաժամանակ պահպանել էր Tesla-ի գլխավոր տնօրենի իր պաշտոնը: Անձամբ ձեռնարկատերը եւ ընկերությունը վճարել էին 20-ական մլն դոլարի տուգանք:
Մասկին մեղադրել էին արժեթղթերի խարդախության մեջ եւ տեղեկություններ տրամադրելու համար, որոնք «մոլորության մեջ են գցել»: Պատճառը նրա հաղորդագրությունն էր Twitter-ում Tesla-ի արժեթղթերը հետգնելու մտադրության մասին: Մասկն այդ ժամանակ հայտարարել էր, որ այս քայլի համար ներդրողները գտնվել են:




























