Ադրբեջանում դատում են Հայաստանի քաղաքացի Կարեն Ղազարյանին, որը գերեվարվել էր ընթացիկ տարվա ամռանը:
Հիշեցնենք, որ Տավուշի մարզի Բերդավան գյուղի բնակիչ Կարեն Ղազարյանը (1984 թվականի ծնված) հայտնվել էր Ադրբեջանի տարածքում: Ադրբեջանական կողմը տեղեկություն էր տարածել «սահմանին Հայաստանի ԶՈՒ հետախուզադիվերսիոն խմբի հարձակման կանխման», ինչպես նաեւ 1984 թվականի ծնված հայ զինծառայող Կարեն Ղազարյանի գերեվարման մասին: Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը հայտարարել էր, որ Կարեն Ղազարյանը չի ծառայում եւ երբեք չի ծառայել Հայաստանի ԶՈՒ շարքերում:
Սա Ադրբեջանի իշխանություններին չէր խանգարել Ղազարյանին դիվերսանտ հայտարարել եւ դատել: Դատավարությունը տեղի է ունենում Գյանջայում: Ծանր հանցագործությունների դատարանում նիստը նախագահել է դատավոր Դադաշ Իմանովը: Անցկացված նիստում ճշտվել են կասկածյալի անկետային տվյալները: Դատաքննությունը նշանակված է նոյեմբերի 20-ին:
Կարեն Ղազարյանը մեղադրվում է Ադրբեջանի Քրեական օրենսգրքի հետեւյալ հոդվածներով՝
«Կյանքի եւ առողջության դեմ ուղղված հանցագործություններ» (120-143) — 120.2.12; 120.2.7; 120.2.11; 120.2.5; 120.2.1;
«Տնտեսական գործունեության ոլորտում հանցագործություններ» (190-213) — 206.3.2;
«Հանրային անվտանգության դեմ հանցագործություններ» (214-233) — 214.2.1; 228.1; 214-3.1; 214.2.3;
«Սահմանադրական կարգի հիմքերի եւ պետության անվտանգության դեմ հանցագործություններ» (274-285) — 282.1; 276;
«Կառավարման կարգի դեմ հանցագործություններ» (315-326) — 318.2:
Համանման մեղադրանքով ավելի վաղ երկարաժամկետ ազատազրկման էր դատապարտվել Արցախի քաղաքացի Արսեն Բաղդասարյանը:




























