Անկարան կարծում է, որ Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման բին Աբդուլ Ազիզը չէր կարող հրամայել սպանել սաուդցի լրագրող Ջամալ Խաշոգջիին:
Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով Anadolu-ին:
«Նախագահ Թայիփ Էրդողանը երկու անգամ Սաուդյան Արաբիայի թագավորի հետ հեռախոսով քննարկել է Խաշոգջիի սպանության թեման: Մեր առաջնորդը կարծում է, որ թագավորը այնպիսի անձ չէ, որը կարող էր հրամայել սպանել լրագրողին», - Ճապոնիայում այցի ժամանակ լրագրողներին ասել է Չավուշօղլուն:
Նրա խոսքով, Սաուդյան Արաբիան առաջարկել է ստեղծել համատեղ աշխատանքային խումբ այս հանցագործությունը հետաքննելու համար, եւ Անկարան ընդունել է այդ առաջարկը:
«Բայց այդ աշխատանքային խումբը պետք է կենտրոնանա արդյունքների վրա: Կարեւոր է պարզել, թե 15 անձինք, որոնք Ստամբուլ էին ժամանել Խաշոգջիին սպանելու համար, ումից են ստացել սպանելու հրամանը», - ասել է Չավուշօղլուն:
Ըստ նախարարի, Թուրքիան Սաուդյան Արաբիայից չստացավ այն հարցի պատասխանը, թե ով է սպանել լրագրողին:
«Ես համոզված եմ, որ Ռիադը պարտավոր է Անկարային տեղեկատվություն տրամադրել այն մասին, թե ինչ է տեղի ունեցել Խաշոգջիի մարմնի հետ, քանի որ լրագրողին սպանած 15 անձինք Սաուդյան Արաբիայում են գտնվում», - ասել է Չավուշօղլուն:
Նա հավելել է, որ Թուրքիան Խաշոգջիի գործի հետ կապված ապացույցներ ունի, որոնք դեռ չի հրապարակել:




























