Ճապոնական Nissan ավտոկոնցեռնի նախկին ղեկավար Կառլոս Գոնը կարող էր 2015-2017 թվականների ժամանակահատվածում լրացուցիչ թաքցնել մոտ 3 մլրդ իեն (26 մլն դոլար) եկամուտ, հայտնում է Mainichi-ն:
Նշվում է, որ դրա հետ մեկտեղ, ընկերության ղեկավարն իր հայտարարագրում պաշտոնապես նշել է 2,9 մլրդ իեն (25,6 մլն դոլար) գումարը: Ներկայումս Տոկիոյի դատախազությունն ուսումնասիրում է տարեկան վերջին երեք հաշվետու ժամանակահատվածում Գոնի պարգեւատրումների մասին տեղեկությունները եւ կարող է նրան նոր մեղադրանքներ առաջադրել:
Տոկիոյի դատախազության քննիչները 64-ամյա Գոնին եւ Nissan-ի տնօրենների խորհրդի անդամ Գրեգ Քելլիին կալանավորել են երկուշաբթի՝ Ճապոնիայի ֆինանսական օրենսդրության խախտման կասկածանքով: Պնդվում է, որ 5 տարի Կառլոս Գոնը Nissan-ից որպես պարգեւատրում է ստացել մոտ 10 մլրդ իեն (գրեթե 89 մլն դոլար): Ընդ որում՝ նա հարկերի վճարման համար հայտարարագրել է գրեթե կիսով չափ քիչ:
Ավելի վաղ Գոնն ու Քելլին պաշտոնապես հեռացվել են Nissan-ում իրենց պաշտոններից: Այս դաշինքի մեջ մտնող մեկ այլ ճապոնական ընկերություն Mitsubishi-ն Գոնին տնօրենների խորհրդի նախագահի պաշտոնից հեռացնելու հարցը կքննարկի նոյեմբերի 26-ին: Ներկայումս Գոնն ու Քելլին կալանավորված են:





























