Nissan ճապոնական ավտոընկերության տնօրենների խորհրդի նոր նախագահը կորոշվի դեկտեմբերի 17-ին՝ խորհրդի նիստում: Kyodo գործակալությունը, երեքշաբթի հայտնել է, որ հավանաբար, այդ պաշտոնը կստանձնի ընկերության ներկայիս նախագահ Հիրոտո Սաիկավան, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Նշվում է, որ նա կշարունակի նաեւ Nissan-ի նախագահը լինել:
Ավելի վաղ Ճապոնիայի էկոնոմիկայի, առեւտրի եւ արդյունաբերության նախարար Հիրոսիգե Սեկոն վստահություն էր հայտնել, որ կառավարությունը չպետք է միջամտի ընկերության կադրային քաղաքականությանը: «Քանի որ ճապոնական կառավարությունը ընկերությունում բաժնետեր չէ, մենք չպետք է որեւէ կերպ միջամտենք աշխատակազմի քաղաքականության եւ ընկերության կառավարման հարցերին», - ընդգծել է նա:
Կառլոս Գոնը ղեկավարում էր Nissan-ի, Renault-ի եւ Mitsubishi Motors-ի եռակողմ դաշինքը, որը աշխարհում մեքենաների վաճառքի գործում առաջին տեղում է: 2018 թվականի առաջին վեց ամիսներին դաշինքն ամբողջ աշխարհում վաճառել է 5.54 միլիոն մեքենա: Երկրորդ տեղում Volkswagen խումբն է` 5,52 մլն ավտոմեքենայով: Գոնը հեռացվել էր Mitsubishi Motors-ի եւ Nissa-ի տնօրենների խորհրդի նախագահի պաշտոնից, սակայն պաշտոնապես ղեկավարում է Renault-ն:





























