Ֆինանսական մեքենայությունների կասկածանքով կալանավորված ճապոնական Nissan ավտոկոնցեռնի նախկին ղեկավար Կառլոս Գոնը 2017 ֆինանսական տարում որպես պարգեւատրում ստացել է մոտ 2,5 մլրդ իեն (22 մլն դոլարից ավելի), սակայն հաշվետվության մեջ նշել է ընդամենը 735 մլն իեն (6,5 մլն դոլար): Այս մասին չորեքշաբթի հայտնել է Kyodo գործակալությունը՝ վկայակոչելով աղբյուրներին:
Ըստ այդ տվյալների՝ 2017 ֆինանսական տարում Nissan-ի տնօրենների խորհրդի անդամներին ընդհանուր վճարվել է գրեթե 3 մլրդ իեն, ինչը զգալիորեն գերազանցում է դեռեւս 2008 թվականին կորպորացիայի բաժնետերերի ժողովում հաստատված լիմիտը: Փաստորեն, խոսքը վերաբերում է բաժնետերերին խաբելու մասին:
Բարձրագույն ղեկավարությանը վճարումների գումարը պետք է որոշվի տնօրենների խորհրդում խորհրդակցությունների ճանապարհով: Սակայն, աղբյուրների տվյալներով, այս հարցը փաստացի միանձնյա տնօրինել է 64-ամյա Կառլոս Գոնը:
Ճապոնիայի ֆինանսական օրենսդրության խախտման կասկածանքով նա կալանավորվել է նոյեմբերի 19-ին՝ իր մտերիմ, Nissan-ի տնօրենների խորհրդի անդամ Գրեգ Քելլիի հետ: Գոնին կասկածում են 2010-2015 թվականներին ավտոկոնցեռնի ղեկավարի պաշտոնում աշխատանքի համար ստացած պարգեւատրման միայն կեսը հայտարարագրելու մեջ՝ մոտ 10 մլրդ իեն (գրեթե 89 մլն դոլար): Տեղեկություններ կան նաեւ այլ չարաշահումների մասին, ներառյալ Nissan-ի միջոցներով մի շարք երկրներում էլիտար բնակարանները գնելու եւ սպասարկելու վերաբերյալ: Հաղորդվում է նաեւ, որ նա Nissan-ի վրա է հաշվարկել անձնական անհաջող ներդրումների՝ առնվազն 1,7 մլրդ իենի (մոտ 15 մլն դոլար) կորուստները:





























